Պաշտոնից ազատման դիմում է գրել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Ռուստամ Բադասյանը։ Նրա ուղերձը հրապարակվել է ՊԵԿ-ի պաշտոնական կայքէջում։
«Վստահ եմ, որ կատարված աշխատանքը՝ թե՛ ավելի հասանելի ծառայություններ ապահովելու, թե՛ հարկային կարգապահությունն ամրապնդելու մասով, տվել է եւ կտա իր արդյունքները, երբ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի կգիտակցի հարկ վճարելու կարեւորությունը մեր պետության կայացման գործում»,- ասվում է Բադասյանի ուղերձում։
ՊԵԿ-ի արդեն նախկին նախագահը ուղերձում համատեղ աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին, Կառավարության անդամներին, ԱԺ բոլոր գործընկերներին, հարկ վճարողներին եւ ՊԵԿ-ի աշխատակիցներին։
Ավելի վաղ հրաժարական էին ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը, ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը եւ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը։
Նշենք, որ նախօրեին լրատվամիջոցները հայտնել էին մի շարք գերատեսչությունների ղեկավարների հավանական պաշտոնանկությունների մասին։
Այդ տեղեկությունները քիչ առաջ հաստատեց նաեւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում՝ առանց հստակ անուններ տալու․ «Սիրելի հայրենակիցներ, հաշվի առնելով մամուլում եւ սոցիալական ցանցերում ի հայտ եկած զանգվածային քննարկումները, հարկ եմ համարում տեղեկացնել, որ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել եմ թողնել իրենց զբաղեցրած պաշտոնները»։