ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի պաշտոնից ազատման դիմում է գրել Գնել Սանոսյանը։ Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառմամբ։
«Իմ պաշտոնավարման 3-ից ավել տարիները լի էին բազմաթիվ մարտահրավերներով։ Բացի բուն աշխատանքը՝ գրեթե ամենօրյա ռեժիմով բախվել ենք չնախատեսված, չպլանավորված եւ հրատապ լուծում պահանջող խնդիրների։ Նոր ճանապարհների կառուցում, ԼՂ-ից բռնի տեղահանում, ջրհեղեղ։ Եվ սա միայն ամենախոշոր մարտահրավերներն եմ թվարկում»,- գրել է Սանոսյանը։
Նախկին նախարարը նշում է, որ պաշտոնավարման ընթացքում գրեթե յուրաքանչյուր շաբաթ մարզային այցեր է կատարել եւ անձամբ է հետեւել համայնքային կյանքի բարելավմանն ուղղված ծրագրերին, նոր ենթակառուցվածքների կառուցման եւ բարեկարգման գործընթացներին։
Սանոսյանը գրառման մեջ շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին վստահության եւ հնարավորության համար, փոխվարչապետներին, գործընկեր նախարարներին, վարչապետի աշխատակազմին, օրենսդիր եւ գործադիր մարմինների ներկայացուցիչներին, ենթակա մարմիններին, մարզպետներին, ՏԻՄ ղեկավարներին, միջազգային ու տեղական գործընկերներին եւ իր թիմին։
«Հետեւում թողնում եմ կատարված հսկայածավալ աշխատանք, ուստի հեռանում եմ հանգիստ եւ խաղաղ»,- ասվում է գրառման եզրափակիչ հատվածում։
Ավելի վաղ հրաժարական էին ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը, ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը եւ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։
Նշենք, որ նախօրեին լրատվամիջոցները հայտնել էին մի շարք գերատեսչությունների ղեկավարների հավանական պաշտոնանկությունների մասին։
Այդ տեղեկությունները քիչ առաջ հաստատեց նաեւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում՝ առանց հստակ անուններ տալու․ «Սիրելի հայրենակիցներ, հաշվի առնելով մամուլում եւ սոցիալական ցանցերում ի հայտ եկած զանգվածային քննարկումները, հարկ եմ համարում տեղեկացնել, որ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել եմ թողնել իրենց զբաղեցրած պաշտոնները»։