Իսրայելին պատասխան հարված հասցնելու անհրաժեշտության վերաբերյալ Իրանի դիրքորոշումը չի փոխվել ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո։ Այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային՝ պատասխանելով լրագրողի համապատասխան հարցին։
«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ ոչ մեկից թույլտվություն չենք խնդրելու Իրանի Իսլամական Հանրապետության տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը պաշտպանելու համար: Մենք միանշանակ վճռական պատասխան կտանք Իրանի դեմ ագրեսիային»,- ասել է նա ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ։
Ավելի վաղ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Հոսեյն Սալամին Իսրայելին սպառնացել էր մոտ ժամանակներում վրեժ լուծել հոկտեմբերին Իսլամական Հանրապետության դեմ իրականացրած հարձակման համար։ Իրանի բանակի գլխավոր հրամանատար, գեներալ-լեյտենանտ Աբդուլռահիմ Մուսավին էլ խոստացել է, որ Թեհրանի պատասխանը կլինի ջախջախիչ։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին Իրանը զանգվածային հրթիռային հարվածներ հասցրեց Իսրայելին՝ ի պատասխան ՀԱՄԱՍ եւ «Հեզբոլլահ» շարժումների, ինչպես նաեւ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ղեկավար կազմի առանցքային անձանց սպանությունների։ Իսրայելի Գլխավոր շտաբը խոստացել էր պատասխան հարված հասցնել։ Իր հերթին Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդն էլ նախազգուշացրել էր, որ իր երկրի պատասխան հարվածները Իսրայելին այդ դեպքում կլինեն ավելի լայնամասշտաբ։
Այնուամենայնիվ, հոկտեմբերի 26-ին Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարեց Իրանում տեղակայված ռազմական օբյեկտներին օդային հարվածներ հասցնելու մասին, որը, ըստ բանակի հաղորդագրության, իրականացվել է ի պատասխան «բազմաթիվ շարունակական հարձակումների»։ Իրանի հակաօդային պաշտպանության ուժերը հայտարարեցին, որ հարձակման էին ենթարկվել Իլամ, Թեհրան եւ Խուզեստան նահանգներում տեղակայված ռազմական օբյեկտները, սակայն վնասը ունեցել է սահմանափակ բնույթ, իսկ երկրի հակաօդային պաշտպանության համակարգերը կարողացել են հաջողությամբ կասեցնել հիմնական հարվածը։ Ավելի ուշ Իրանի բանակն էլ տեղեկացրեց, որ հարվածների հետեւանքով զոհվել է առնվազն չորս իրանցի զինծառայող։