ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը, որ Բաքու ժամանել էր COP29-ին մասնակցելու համար, փաստացի «փախել է» Ադրբեջանից։ Այդ մասին գրում է ադրբեջանական Turan գործակալությունը՝ հղում կատարելով տեղեկացված աղբյուրներին։
Լրատվականի փոխանցմամբ՝ Բաքվից Փալոնի հեռանալու պատճառը եղել է նրա հանդեպ ցուցաբերված բացասական վերաբերմունքը։ Մասնավորապես նոյեմբերի 16-ին, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ընդունել էր մի խումբ ամերիկացի կոնգրեսականների, Փալոնին թույլ չէին տվել մասնակցել այդ հանդիպմանը։
Բացի այդ՝ Turan-ի փոխանցմամբ նոյեմբերի 17-ին մի խումբ իշխանամետ հասարակական կազմակերպություններ բողոքի ակցիա են անցկացրել «Պարկ Բուլվար» հյուրանոցի դիմաց, որտեղ իջեւանել էր կոնգրեսականը՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել Փալոնին իր հակաադրբեջանական գործունեության համար։
Հիշեցնենք, որ հանրապետական Ֆրենկ Փալոնը ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի հիմնադիրն է, Արցախի աջակցության եւ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների մասին մի շարք օրենսդրական նախագծերի հեղինակ։
Նշենք նաեւ, որ Turan գործակալությունը կոնգրեսականի գործունեության մասին գրում է․ «Հայտնի լինելով իր հայամետ դիրքորոշմամբ՝ Փալոնեն երկար տարիներ վարել է հակաադրբեջանական քարոզչություն, բացահայտ լոբբինգ է արել հօգուտ Հայաստանի շահերի, ապօրինի այցելել է Ադրբեջանի օկուպացված տարածքներ եւ կոչ արել պատժամիջոցներ կիրառել Բաքվի նկատմամբ»։