Սուրբ Աթոռ կատարած աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը առանձնազրույց է ունեցել Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ:
Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ «վարչապետի խոսքով` բարձր ու բարձրագույն մակարդակով շարունակվող փոխայցերը գալիս են փաստելու Հայաստանի եւ Սուրբ Աթոռի միջեւ առանձնահատուկ միջպետական հարաբերությունների մասին»:
Փաշինյանը հավելել է, որ Հայաստանում ռեզիդենտ Առաքելական նվիրակի նշանակումը զգալի առաջընթաց կլինի կողմերի միջեւ բարեկամական հարաբերությունների համար։
Միաժամանակ, վարչապետն ընդգծել է Հայաստանի լիակատար աջակցությունը Սուրբ Աթոռին միջազգային հարթակներում խաղաղության օրակարգի սպասարկման եւ այդ ուղղությամբ համատեղ հանդես գալու հարցում։
Հաղորդվում է, որ Փաշինյանը Ֆրանցիսկոս պապին տեղեկացրել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի վերջին զարգացումների մասին եւ վերահաստատել ՀՀ Կառավարության հավատարմությունը Խաղաղության օրակարգին։ Նա ընդգծել է, որ Երեւանը հանուն խաղաղության իր բաժին ներդրումն ունենալու հարցում վճռական է։
Փաշինյանը Հռոմի պապին նաեւ Սուրբ Աթոռի կողմից շնորհակալություն է հայտնել հայ գերիներին ազատ արձակելու շարունակական ջանքերի համար։
Զրուցակիցները քննարկել են նաեւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: