Ռուսաստանի տարածքի խորքերում ամերիկյան հեռահար ATACMS հրթիռներով հարվածելու Ուկրաինայի զինված ուժերին տրված թույլտվությունը նշանակում է լարվածության նոր փուլ եւ ԱՄՆ-ի ներգրավվածություն ուկրաինական պատերազմին։ Այդ մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Եթե նման որոշում իսկապես ձեւակերպվել եւ հաղորդվել է Կիեւի ռեժիմին, ապա սա լարվածության որակական նոր փուլ է եւ որակապես նոր իրավիճակ այս հակամարտությունում ԱՄՆ-ի ներգրավվածության առումով»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Պեսկովը։
Միաժամանակ ՌԴ նախագահի խոսնակը նշել է, որ Կրեմլն առայժմ նման տեղեկությունների տիրապետում է միայն արեւմտյան լրատվամիջոցների հաղորդումներից։
«Բայց ակնհայտ է, որ Վաշինգտոնի հեռացող վարչակազմը մտադիր է քայլեր ձեռնարկելու, փաստացի նրանք այդ մասին էլ խոսել են, որպեսզի շարունակեն «կրակի վրա յուղ լցնել» եւ հետագա լարվածություն հրահրել այս հակամարտության շուրջ»,- նշել է Պեսկովը։
Նախօրեին՝ նոյեմբերի 17-ին, ամերիկյան եւ եվրոպական բազմաթիվ լրատվամիջոցներ հայտնեցին, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը թույլատրել է ուկրաինացի զինվորականների կողմից ATACMS հրթիռների կիրառումը՝ Ռուսաստանի Կուրսկի մարզում գործողություններ իրականացնող ստորաբաժանումներին պաշտպանելու համար։ Ինչպես նշում է The New York Times-ը, Վաշինգտոնի այս որոշումը պայմանավորված է Կուրսկում հյուսիսկորեական զորքերի տեղակայմանն ի պատասխան։