Անցնող օրերը կրկին մաշեցնող էին Լիբանանի համար։
Մի կողմից՝ իսրայելյան անօդաչուները շարունակում են «լցնել» երկրի երկինքը, մյուս կողմից՝ «ձայնային պատը» ճեղքելով՝ կործանիչներն աներեւակայելի հարվածներ են հասցնում Լիբանանի Բեքա լեռնային գոտուն, իսկ հիմնականում՝ Բեյրութի հարավային Դահիե արվարձանին, որն ավերակ ու լքված շրջան է դարձել:
Իսրայելը պատերազմ է վարում «Մեկ հրթիռ, մեկ շենք» ձեւաչափով, իսկ բնակիչների պատմելով՝ կիրառվող հրթիռների պես իրենք երբեք չեն հանդիպել. նորագույն այդ հրթիռները ամբողջ շենքը երկաթի կույտի են վերածում: Իսրայելը նախ սպառնում է, քարտեզներ հրապարակում, ապա՝ հարվածում:
Իրականում «Մեկ հրթիռ, մեկ շենք» մոտեցումը նորություն չէ իսրայելյան բանակի գործելաոճում։ Իսրայելցիները դա կիրառել են Գազայում, այսօր նույնն են անում Հարավային Բեյրութում: Նպատակն առավել քան պարզ է՝ գետնին հավասարեցնել «Հեզբոլլահ»-ի կենտրոնատեղի համարվող շրջանները, եւ այդ նպատակի համար նրանք պատերազմը փոխադրել են նոր հարթություն: Այս ձեւաչափը մարմին առավ հատկապես Լիբանան-Իսրայել սահմանային շրջաններում իսրայելյան բանակի անհաջողություններից հետո:
Յոթ շաբաթ է անցել, ինչ Նեթանյահուի ռազմական կառավարությունը Լիբանանի ուղղությամբ ցամաքային գործողություններ սկսելու մասին որոշում է հրապարակել, եւ յոթ շաբաթ ընթացող կատաղի մարտերից հետո իսրայելյան բանակը դեռեւս «հպարտություն» չի ապրել եւ ոչ մի հայտարարություն չի արել ինչ-որ ձեռքբերման մասին: Զոհերի եւ վիրավորների թվերը (որ ահռելի են) թաքցվում են երկու կողմերից. երկու կողմն էլ շտապում է ավելի շատ դիմացինի զոհերի թիվը հայտնել, քան սեփական:
Այս բոլորին զուգահեռ Լիբանանում հրադադար հաստատելու ուղղությամբ ընթանում են բանակցություններ, որոնք բոլորն էլ ձախողվում են: Բանակցող կողմը, ցավոք, Լիբանանի կառավարությունը չէ, թեեւ ամերիկացի բանագնացները կամ Բեյրութում ԱՄՆ դեսպանը, այնումենայնիվ, որոշ շփումներ են ունենում վարչապետի պաշտոնակատար Նաժիպ Միքաթիի կամ Ազգային ժողովի նախագահ Նաբիհ Բերրիի հետ:
Երկիրը պատած մտահոգությունը օրեօր ավելի է տարածվում լիբանանահայության շրջանում: Մեր հայրենակիցները վախ ունեն, որ Իսրայելը կարող է կորցնել քիչ թե շատ սթափ վիճակն ու հարվածներ հասցնել նաեւ այն շրջաններին, որոնք «Հեզբոլլահ»-ի կենտրոն չեն համարվում, դրանց մեջ՝ Բուրջ Համուդը, Նոր Հաջնը, Զալկան, Անթիլիասը կամ Մեթն շրջանի այլ թաղամասեր, որոնք մասամբ հայկական դրոշմ ունեն: Մտահոգությունը մեկ առանցք ունի. եթե պատերազմը ծավալվի, ի՞նչ կլինի իրենց՝ այնտեղ ապրող մեր բազմահազար հայրենակիցների հետ… Իսկ մինչ այդ լիբանանահայությունը վայելում է զանազան աջակցություններ, այդ թվում՝ Հայաստանից եւ ամբողջ աշխարհի հայությունից, եւ այդ աջակցության տրամադրումը սկսել է այս պատերազմից դեռեւս տարիներ առաջ:
«Հիմնադրամ»-ը՝ միշտ պատրաստ
«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանն ամենօրյա դրությամբ հետեւում է Լիբանանի զարգացումներին։ Նա ասում է, որ իրենց ծրագրերում առանցքային տեղ են գրավում թե՛ Լիբանանը, թե՛ Սիրիան:
««Հայաստան» համահայկական հիմնադրամը 2019 թվականից ի վեր ամեն տարի Լիբանանի հայկական դպրոցներին, մյուս բոլոր հայկական կրթական հաստատություններին հատկացնում է 100 հազար դոլարի չափով աջակցություն, որը տրամադրվում է ուղղակի կրթական հաստատություններին՝ ամեն մեկին առանձին, ըստ տվյալ դպրոցի ուսուցիչների եւ աշակերտների քանակի համամասնության, այդ գումարները հատկացվում են կրթական հաստատության ուսուցչական եւ վարչարարական ամբողջ անձնակազմին, եւ այստեղ մենք ազգային խտրականություն չենք դնում՝ իմանալով, որ այդ հայկական կրթական հաստատություններում նաեւ ոչ հայեր են աշխատում: Այդ աջակցությունն ամեն տարի Ֆրանսիայի մեր տեղական մարմինն է տրամադրում՝ ֆոնեթոնի միջոցով հավաքված գումարներից, եւ վստահ եմ, որ այս անգամ նույնպես պիտի կարողանա գալիք տարվա սկզբին կրկին 100.000 դոլար հատկացնել Լիբանանի կրթական հաստատություններին. այս տարվա ֆոնեթոնը նախատեսված է նոյեմբերի 21-24-ը»,- ասում է Հայկակ Արշամյանը: Նա նաեւ նկատում է, որ Բեյրութի որոշ շրջաններ, այո՛, հրթիռակոծության տակ են, բայց դա ամենեւին էլ, ըստ նրա, խուճապ չի ենթադրում:
«Չեմ կարծում, որ այս պահին խուճապային տրամադրություններ կան, սակայն վստահ եմ, որ եթե օժանդակության անհրաժեշտություն առաջանա, ապա հիմնադրամը պատրաստ է այդ օգնությունները ապահովելու համար առանձին դրամահավաք կազմակերպելու եւ աջակցելու Լիբանանում ապրող մեր հայրենակիցներին»։
Այդ աջակցությունները դեռեւս երկու տարի առաջ են սկսվել, երբ հիմնադրամը Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի խողովակով նյութական օգնություն է տրամադրել լիբանանահայությանը:
«ԱՄՆ-ի մեր տեղական մարմինը՝ «Արմենիա ֆոնդ»-ը, որ տեղակայված է Լոս Անջելեսում, իր հավաքած գումարներից մեկ միլիոն դոլար է տրամադրել կաթողիկոսարանին, եւ այդ գումարները բաժանվել են Լիբանանի մեր հայրենակիցներին։
Ընդհանուր առմամբ՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամը 2019-ից մինչեւ այսօր 3 միլիոն դոլարից ավելի աջակցություն է ցուցաբերել լիբանանահայությանը: Հիշում եք, որ Բեյրութի նավահանգստի պայթյունից հետո նույնպես հիմնադրամը առանձին դրամահավաք կազմակերպեց եւ այդ գումարները փոխանցեց Լիբանանի հայ համայնքին, հատկապես՝ պայթյունից տուժած լիբանանահայերին, եւ դա լուրջ աջակցություն էր այդ պայմաններում, որովհետեւ շատ մարդիկ անտուն էին մնացել։
Այնպես որ հիմնադրամը միշտ պատրաստ է աջակցելու սփյուռքի հայ համայնքներին, որոնք լուրջ մարտահրավերների առջեւ են, որտեղ պատերազմներ են, որտեղ սոցիալ-տնտեսական ճգնաժամեր են»,- ասում է Հայկակ Արշամյանը:
Քաղաքական նուրբ վիճակ
Լիբանանի այսօրվա իրավիճակին զուգահեռ լսելի են որոշ ձայներ, որոնք Հայաստանից դատապարտում են պահանջում՝ Իսրայելի կողմից Լիբանանի ինքնիշխանության անտեսմանն ու տարածքային ամբողջականության ոտնակոխմանն առընթեր:
Ճիշտ է, Իսրայելի գրոհները հատել են միջազգային հանրության հաստատած բոլոր կարմիր գծերը, բայցեւայնպես, ստեղծված դրությունը մեր պատկերացրածից շատ ավելի բարդ է: Ու այդ բարդությունը հաշվի առնելով, կարծում եմ, Հայաստանն այնտեղ ստեղծված քաղաքական նուրբ կացությանը չպետք է միջամտի, այլ դրան մոտենա միայն մարդասիրական պատուհանով։ Հայաստանն այս պահին կարիք չունի մուտք գործելու նոր «ականադաշտ», որից ելման ճանապարհները դեռեւս աղոտ են եւ անտեսանելի:
Բայցեւայնպես, չմոռանանք, որ արաբ-իսրայելյան «վերափոխված» հակամարտության ամենաթեժ պահերին Հայաստանը մեծ քայլ անելով պաշտպանեց պաղեստինցի ժողովրդի ինքնիշխանության հիմնահարցը։ Հայաստանն ընդունեց Պաղեստին տերության գոյության իրավունքը եւ այդ առումով իր խոսքն ասաց ամբողջ աշխարհին։
Նույնը չէ Լիբանանի պարագան. Լիբանանի պատկերն այսօր շատ ավելի բարդ է, քան 2016 թվականին էր: Մի պարզ օրինակ. մինչեւ 2016 թվականի պատերազմը «Հեզբոլլահ»-ն ուներ գրեթե ամբողջ Լիբանանի նեցուկը, այսօր նման աջակցություն չի վայելում: Երկրի բնակչության մեծամասնությունը չի կիսում «Հեզբոլլահ»-ի վերջին ամիսների գործողությունների բնույթն ու հատկապես քաղաքական դիրքորոշումները, եւ սա արդեն իսկ քաղաքական այն նուրբ իրավիճակի հիմքն է, որը պետք է տեսանելի լինի մեզ համար:
Լիբանանահայ լրագրող, մեկնաբան։ 2012-ին տեղափոխվել է Հայաստան։ Մասնագիտացել է արաբ-իսրայելյան հակամարտության հարցում եւ համոզված է, որ այդ հակամարտությունը տարածաշրջանային բոլոր կոնֆլիկտների «հայրն» է։ Լուսաբանում է նաեւ հայ համայնքների խնդիրները։
2022-ին հրատարակել է Պոլսի հայությանը նվիրված «33 ձայն Իսթանպուլէն. ինչպէս ճանչցայ պոլսահայութիւնը» խորագրով վավերագրությունը, 2024-ին՝ կիպրահայերի տեղաշարժի մասին «Բաժնուած կղզին» խորագրով գիրքը։