Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Դոնեցկի մարզի Պոկրովսկ քաղաք։ Նա այցելել է 25-րդ առանձին օդադեսանտային «Սիչեսլավսկի» կոչվող բրիգադի տեղակայման վայրը, որը պաշտպանում է քաղաքը։ Այս մասին հայտնում են Ուկրաինայի նախագահի գրասենյակից։
«Լարված ուղղություն է։ Միայն զինվորների ուժի շնորհիվ է, որ Արեւելքն ամբողջությամբ օկուպացված չէ Ռուսաստանի կողմից»,- ասել է Զելենսկին զինվորականների հետ հանդիպման ժամանակ։
Պոկրովսկը կարեւոր տրանսպորտային հանգույց է Դոնեցկի շրջանի արեւմուտքում: Ուկրաինացի զինվորականները վերջերս հաճախ են նշում, որ ռազմաճակատում ամենածանր մարտերն ընթանում են հենց Պոկրովսկի ուղղությամբ։
Հոկտեմբերի վերջին քաղաքային վարչակազմի ղեկավար Սերգեյ Դոբրյակը հայտնել էր, որ ռուսական զորքերը հասել են Պոկրովսկի ծայրամասերին, եւ որ քաղաքից ռուսական բանակի միջեւ ամենաքիչ հեռավորությունը 6,7 կիլոմետր է։
Հրթիռակոծության հետեւանքով այժմ ոչնչացվել է քաղաքի կարեւորագույն ենթակառուցվածքների շուրջ 80 տոկոսը։
Պատերազմի ընթացքում Զելենսկին բազմիցս մեկնել է առաջնագծին մոտ գտնվող շրջաններ, մասնավորապես նա մեկից ավելի անգամ այցելել է Խարկովի մարզ, Խերսոն, ինչպես նաեւ եղել է Բախմուտում եւ Ավդիիվկայում, որոնք հետագայում գրավվել են ռուսական զորքերի կողմից: