Վրաստանից անկախության ձգտող եւ մասնակի ճանաչված Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան հրաժարականի մասին հայտարարություն է ստորագրել։ Համապատասխան փաստաթուղթը տարածել է նրա մամուլի ծառայությունը։
«Երկրում կայունությունն ու սահմանադրական կարգը պահպանելու նպատակով, Աբխազիայի Հանրապետության Սահմանադրության 65-րդ հոդվածի համաձայն, ներկայացնում եմ իմ հրաժարականը Աբխազիայի Հանրապետության նախագահի պաշտոնից»,- ասված է նոյեմբերի 19-ին ստորագրված հայտարարության մեջ։
Բժանիան հրաժարական է տվել այն պայմանավորվածությունների համաձայն, որոնք հանրապետության իշխանությունները եւ ընդդիմությունը ձեռք են բերել վերջերս կայացած բանակցությունների արդյունքում։ Փաստաթղթում նաեւ պայմանավորվածություն կար, որ ցուցարարները պետք է ազատեն գրաված կառավարական շենքերը, հակառակ դեպքում Բժանիան կարող է հետ վերցնել հրաժարականը։
Աբխազիայի ընդդիմության առաջնորդներից մեկը՝ Ադգուր Արձինբան, Interfax-ին ասել է, որ հրաժարական են տալիս նաեւ հանրապետության կառավարության վարչապետ Ալեքսանդր Անկվաբը եւ Պետական անվտանգության ծառայության ղեկավար Դմիտրի Դբարը։
Իշխանությունների եւ ընդդիմության միջեւ համաձայնագրում ասվում է, որ նախագահի պաշտոնակատար կդառնա փոխնախագահ Բադրա Գյունբան, իսկ վարչապետի պաշտոնը կզբաղեցնի Վալերի Բգանբան, որը զբաղեցրել է այդ պաշտոնը 2018-2020 թվականներին։ «Ներկայիս նախարարները կատարում են իրենց պարտականությունները այնքան ժամանակ, քանի դեռ Աբխազիայի Հանրապետության նորընտիր նախագահը չի ստանձնել իր պարտականությունները»,- ասվում է փաստաթղթում։
Interfaxի- փոխանցմամբ, երբ ընդդիմության առաջնորդները եւ հանրապետության փոխնախագահը հայտնել են բանակցությունների արդյունքների մասին, ցուցարարները սկսել են լքել Սուխումի Աբխազիայի նախագահի վարչակազմի շենքի դիմաց գտնվող հրապարակը։
Ասլան Բժանիան Աբխազիայի նախագահի պաշտոնը զբաղեցնում է 2020 թվականի ապրիլից։
Բողոքի ցույցերը Աբխազիայում սկսվել են նոյեմբերի 12-ին, երբ մասամբ ճանաչված հանրապետության խորհրդարանը պատրաստվում էր հաստատելու Ռուսաստանի հետ նոր ներդրումային համաձայնագիրը։ Համաձայնագիրը ենթադրում էր, որ Ռուսաստանից ժամանած ընկերությունները կարող են ներգրավվել Աբխազիայում իրականացվող ներդրումային նախագծերում։ Բողոքի ակցիայի մասնակիցները կարծում էին, որ տեղի բնակիչները կարող են գումար կորցնել համաձայնագրի պատճառով։ Նոյեմբերի 15-ին ցուցարարները ներխուժեցին խորհրդարանի շենք, բախումներ տեղի ունեցան ընդդիմադիրների եւ ոստիկանների միջեւ, եւ մոտ 15 մարդ վիրավորվեց։ Աբխազիայի իշխանությունները խոստացել են, որ խորհրդարանից հետ կկանչեն Ռուսաստանի հետ ներդրումային համաձայնագրի նախագիծը։ Բողոքի ֆոնին Ասլան Բժանիան սկզբում համաձայնել է հրաժարական տալ, սակայն հետո հայտարարել է, որ կմնա նախագահի պաշտոնում։