Եվրախորհուրդը եւ Մեծ Բրիտանիան ընդլայնել են Իրանի նկատմամբ պատժամիջոցները՝ պայմանավորված այն հանգամանքով, որ Իսլամական Հանրապետությունն աջակցում է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ռազմական ագրեսիային, ինչպես նաեւ Մերձավոր Արեւելքում գործող ռազմականացված խմբավորումներին։
Ըստ մամուլի հաղորդագրության՝ ԵՄ պատժամիջոցները թիրախավորում են այն նավերն ու նավահանգիստները, որոնք օգտագործվում են իրանական անօդաչու թռչող սարքերի եւ հրթիռների, ինչպես նաեւ տեխնոլոգիաների եւ բաղադրիչների տեղափոխման համար: Եվրոպական նավերին, մասնավորապես, արգելվում է որեւէ ծառայություն մատուցել, բացառությամբ այն դեպքերի, երբ նրանք օգնություն են խնդրում։
Պատժամիջոցներ են սահմանվել իրանական «Islamic Republic of Iran Shipping Line» ընկերության տնօրեն Մոհամմադ Ռեզա Խիաբանիի, նրա ղեկավարած նավագնացության գծերի եւ երկու նավահանգիստների դեմ։
Սահմանափակումներ են ներդրվել նաեւ ռուսական բեռնափոխադրող «МГ-Флот», «ВТС-Брокер» եւ «Арапакс» ընկերությունների նկատմամբ: Այդ ընկերությունների նավերը, ինչպես ասվում է ԵՄ Խորհրդի մամուլի հաղորդագրության մեջ, ներգրավված են Կասպից ծովով իրանական զենքի եւ զինամթերքի փոխադրմամբ, որոնք իրականացվում են ռուսական բանակին մատակարարելու նպատակով։
Մեծ Բրիտանիայի պատժամիջոցներն էլ ներառում են Իսլամական Հանրապետության ազգային ավիաընկերությունը՝ «Iran Air»-ը, կրկին «Islamic Republic of Iran Shipping Line Group»-ը, ինչպես նաեւ ռուսական «Порт Оля-3» բեռնատար նավը:
Ուկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը վաղուց է, ինչ օգտագործում է իրանական արտադրության Shahed անօդաչու թռչող սարքերը, որոնք հետագայում սկսել են հավաքել նաեւ Թաթարստանի «Ալաբուգա» հատուկ տնտեսական գոտում։
2024 թվականի սեպտեմբերի սկզբին արեւմտյան լրատվամիջոցները հայտնեցին նաեւ, որ Իրանը Ռուսաստանին է փոխանցել փոքր հեռահարության բալիստիկ հրթիռներ։ Sky News-ը հրապարակել էր նավի արբանյակային լուսանկարները, որ ենթադրաբար 220 հատ «Fatah-360» հրթիռ է տեղափոխել Աստրախանի շրջանի Օլյա նավահանգիստ։