Եվրոպայի խորհրդի Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության շրջանակային կոնվենցիայի խորհրդատվական կոմիտեն Ադրբեջանին կոչ է անում այնպիսի քաղաքական, իրավական եւ գործնական պայմաններ ստեղծել, որոնք կնպաստեն Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի անվտանգ, անխոչընդոտ եւ հարատեւ վերադարձի համար։
Բացի այդ՝ Կոմիտեն Ադրբեջանի իշխանություններին նաեւ կոչ է անում գույքագրել եւ պահպանել հայկական բոլոր կրոնական եւ մշակութային վայրերն ու արտեֆակտները։ Կոչ է արվում նաեւ հետաքննել Արցախում հայ բնակչության կողմից օգտագործված պատմական եւ մշակութային հուշարձանների, ինչպես նաեւ գերեզմանոցների վանդալիզմի, ոչնչացնելու կամ փոփոխության ենթարկելու մասին բարձրաձայնված բոլոր մեղադրանքները:
«Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության դեմ ուղղված հանրային խիստ դիրքորոշմանը՝ Ղարաբաղյան հակամարտության եւ էթնիկ հայերի նկատմամբ վերաբերմունքի վրա դրա անմիջական ազդեցության համատեքստում, Խորհրդատվական կոմիտեն կոչ է անում իշխանություններին զերծ մնալ եւ խստորեն դատապարտել հայ համայնքին պատկանող անձանց նկատմամբ անհանդուրժողականության եւ էթնիկ ատելության տարածման ցանկացած դրսեւորում՝ հաշտեցման գործընթացը հեշտացնելու նպատակով»,- ասվում է զեկույցի եզրափակիչ հատվածում։
Կոմիտեի այս զեկույցի հրապարակումից հետո չի ուշացել Բաքվի պատասխանը։ Ադրբեջանի արտգործնախարարությունն այն որակել է «կողմնակալ մոտեցում»։
«Խորհրդատվական կոմիտեի խտրական մոտեցումը, որը կենտրոնանում է հայկական էթնիկ խմբի վրա, անտեսում է մյուս էթնիկ խմբերին եւ չափից դուրս շատ է հիմնվում անհայտ աղբյուրներից ստացված տեղեկատվության վրա՝ առանց համապատասխան օրինակներ բերելու։ Սա միանգամայն հստակ ցույց է տալիս նշված կոմիտեի կողմնակալ մոտեցումը»,- ասվում է Ադրբեջանի ԱԳ նախարարության հայտարարության մեջ։