Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հանրությանն առաջարկել է հոկտեմբերի 26-ի ընտրությունների արդյունքների գնահատման սեփական տարբերակը եւ ներկայացրել յուրօրինակ հակաճգնաժամային ծրագիր։ Նոյեմբերի 18-ին նախագահի նստավայրում կայացած ճեպազրույցում նա եւս մեկ անգամ կրկնել է, որ լեգիտիմ չի ճանաչում անցկացված խորհրդարանական ընտրությունները, նաեւ նշել է, որ ստեղծված բարդ իրավիճակը երկրում մեծացնում է ապակայունացման ռիսկերը։
Նախագահը լուծումը տեսնում է նոր ընտրությունների անցկացմամբ, իսկ մինչ այդ, ըստ նրա, անհրաժեշտ է վերադառնալ այն քաղաքական պայմաններին, որոնք կային մինչեւ հոկտեմբերի 26-ը։ Զուրաբիշվիլիի առաջարկը ենթադրում է երկրի կառավարման շարունակություն գործող խորհրդարանի, կառավարության եւ նախագահի հետ։
«Երկիրը կանգնած է լուրջ սպառնալիքների առջեւ։ Դրանցից մեկը ապակայունացումն է։ Սա կարող է հանգեցնել դուալիզմի եւ բեւեռացման խորացման: Քաղաքական ապակայունացմանը կարող է հաջորդել արտաքին ապակայունացումը։ Վտանգն ավելի է մեծանում, երբ երկիրն իր գործընկերների հետ սերտ հարաբերությունների փոխարեն ընտրում է գործող իշխանությանը բնորոշ մեկուսացումը։ Որպես այս երկրի նախագահ՝ ես իրավունք չունեմ դա թույլ տալու։ Ես դա թույլ չեմ տա։ Ուստի պետք է միասին ելք գտնել, առաջարկել հասարակությանը, քաղաքական ուժերին, գործընկերներին։ Սա պետք է լսի նաեւ կառավարությունը»,- ասել է Սալոմե Զուրաբիշվիլին։
Նախագահի ծրագրով` նոր ընտրություններ պետք է անցկացվեն որքան հնարավոր է շուտ, սակայն որոշակի վերապահումներով։
«Վերջնաժամկետը կախված է հետեւյալ հարցերի լուծումից. մեկը միջազգային հետաքննությունն է։ Միջազգային աջակցությամբ մենք պետք է կարողանանք համալրել նոր ընտրական վարչություն, փոխել Ընտրական օրենսգիրքը՝ կազմելով ԵԱՀԿ-ԺՀՄԻԳ-ի պահանջներով, եւ լրացուցիչ անցկացնել արտերկրում տեղամասեր բացելու եւ ընտրական վեճերի համար հատուկ դատարան ստեղծելու ընթացակարգերը։ Նաեւ մինչեւ հոկտեմբերի 26-ը գոյություն ունեցող քաղաքական իրավիճակը պետք է շարունակվի, քանի դեռ ընտրությունները չեն կայացել, նոր բան չի կարող լինել՝ ո՛չ խորհրդարան, ո՛չ կառավարություն, ո՛չ նախագահական»,- հավելել է նախագահը` նշելով, որ հասարակությունը պետք է շարունակի անհանդուրժող լինել եւ բողոքել։
Նրա ծրագրի մաս է կազմում նաեւ իրավական պայքարը. նոյեմբերի 19-ին նախագահը հայց կներկայացնի Սահմանադրական դատարան, քանի որ կարծում է, որ Սահմանադրությամբ երաշխավորված երկու իրավունքները՝ քվեարկության գաղտնիությունն ու համընդհանուրությունը, պաշտպանված չեն եղել ընտրություններում։
Նորայր Միսկարյան
ԱԼԻՔ ՄԵԴԻԱ ՎՐԱՍՏԱՆ