Ուկրաինացի զինվորականները հարձակվել են Ռուսաստանի Բրյանսկի մարզի Կարաչեւ քաղաքի մոտ գտնվող զինամթերքի պահեստի վրա՝ օգտագործելով ԱՄՆ մատակարարած ATACMS հրթիռները, գրում է РБК-Украина-ն՝ հղում անելով Ուկրաինայի զինված ուժերի աղբյուրին։
Նման տեղեկություն, կրկին անանուն աղբյուրին հղումով, հաղորդում է «Цензор.нет» պարբերականի գլխավոր խմբագիր Յուրի Բուտուսովը։
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը նոյեմբերի 19-ի առավոտյան պաշտոնապես հայտարարել է Բրյանսկի մարզում զենքի պահեստի վրա հարձակման մասին։ Այդ հաղորդագրության մեջ չի նշվում, թե ինչ զենք է օգտագործվել հարվածելու համար։
Միեւնույն ժամանակ ուկրաինական «24 հեռուստաալիքը» հայտնում է, որ գլխավոր շտաբը «այդ հարվածի վերաբերյալ տեղեկությունների չի տիրապետում»։
Կարաչեւի մոտ տեղակայված է հրթիռային եւ հրետանային գլխավոր վարչության 67-րդ զինանոցը։ Տեղի լրատվականները գրում են, որ հարակից շրջանների բնակիչները համացանցում գրել են ամբողջ գիշեր շարունակվող պայթյունների մասին։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 17-ին ամերիկյան եւ եվրոպական բազմաթիվ լրատվամիջոցներ հայտնեցին, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը թույլատրել է ուկրաինացի զինվորականների կողմից ATACMS հրթիռների կիրառումը՝ Ռուսաստանի Կուրսկի մարզում գործողություններ իրականացնող ստորաբաժանումներին պաշտպանելու համար։ Ինչպես նշում է The New York Times-ը, Վաշինգտոնի այս որոշումը պայմանավորված է Կուրսկում հյուսիսկորեական զորքերի տեղակայմանն ի պատասխան։
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Բրայան Նիկոլսն էլ այսօր՝ նոյեմբերի 19-ին, փաստացի հաստատել է, որ Վաշինգտոնը Ուկրաինային թույլատրել է հարձակվել Ռուսաստանի տարածքի խորքերում տեղակայված թիրախների վրա՝ օգտագործելով ATACMS հրթիռները։