Կիսաճանաչված Աբխազիայի Հանրապետության խորհրդարանը ընդունել է նախագահ Ասլան Բժանիայի հրաժարականը։ Այդ մասին հայտնում է ռուսական ՏԱՍՍ գործակալությունը։
Նոյեմբերի 19-ի գիշերը՝ իշխանությունների եւ ընդդիմության միջեւ բանակցություններից հետո, Բժանիան հրաժարական տվեց՝ հայտարարելով, որ դա արել է «երկրում կայունությունն ու սահմանադրական կարգը պահպանելու համար»։ Աբխազիայի Սահմանադրության համաձայն՝ նախագահի հրաժարականը պետք է ընդունի հանրապետության խորհրդարանը։
ՏԱՍՍ-ի հաղորդագրության համաձայն՝ քվեարկությանը մասնակցել է 31 պատգամավոր։ Նախագահի հրաժարականի ընդունմանը կողմ է քվեարկել 28, դեմ՝ 1 պատգամավոր, երկու քվեաթերթիկ էլ համարվել է անվավեր։
Աբխազիայի նախագահի պաշտոնակատար նշանակվել է Բադրա Գյունբան, որի մասին քվեարկությունից հետո հայտնել է խորհրդարանի նախագահ Լաշա Աշուբան։
Հիշեցնենք, որ Բժանիան, որ հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցնում էր 2020 թվականից, հրաժարականը ներկայացրել էր երկրում ընթացող զանգվածային բողոքի ակցիաների ֆոնին։
Ցույցերը Աբխազիայում սկսվել են նոյեմբերի 12-ին, երբ մասամբ ճանաչված հանրապետության խորհրդարանը պատրաստվում էր հաստատելու Ռուսաստանի հետ նոր ներդրումային համաձայնագիրը։ Համաձայնագիրը ենթադրում էր, որ Ռուսաստանից ժամանած ընկերությունները կարող են ներգրավվել Աբխազիայում իրականացվող ներդրումային նախագծերում։ Բողոքի ակցիայի մասնակիցները կարծում էին, որ տեղի բնակիչները կարող են գումար կորցնել համաձայնագրի պատճառով։ Նոյեմբերի 15-ին ցուցարարները ներխուժեցին խորհրդարանի շենք, բախումներ տեղի ունեցան ընդդիմադիրների եւ ոստիկանների միջեւ, եւ մոտ 15 մարդ վիրավորվեց։ Աբխազիայի իշխանությունները խոստացել են, որ խորհրդարանից հետ կկանչեն Ռուսաստանի հետ ներդրումային համաձայնագրի նախագիծը։ Բողոքի ֆոնին Ասլան Բժանիան սկզբում համաձայնել է հրաժարական տալ, սակայն հետո հայտարարել է, որ կմնա նախագահի պաշտոնում։