Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չի հաստատել, որ ամերիկյան ATACMS հեռահար հրթիռներով Ուկրաինայի զինված ուժերը հարվածներ են հասցրել Ռուսաստանի Բրյանսկի շրջանի ռազմական օբյեկտի վրա։ Այս մասին նրան հարցրել են Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենի հետ կայացած մամուլի ասուլիսում, հայտնում է РБК-Украина-ն։
«Ներողություն, առանց ավելորդ մանրամասների։ Ուկրաինան ունի հեռահար հնարավորություններ, ունի սեփական արտադրության հեռահար անօդաչու սարքեր։ Մենք այժմ ունենք հեռահար «Նեպտուններ» եւ ո՛չ մեկ հատ, եւ այժմ մենք ունենք ATACMS: Մենք այդ ամենը օգտագործելու ենք»,- ասել է Զելենսկին։
Հիշեցնենք, որ РБК-Украина-ն, հղում կատարելով աղբյուրներին, նախօրեին հայտնել էր, որ նոյեմբերի 19-ի գիշերը ուկրաինացի զինվորականները ATACMS հրթիռների կիրառմամբ հարձակվել են Բրյանսկի շրջանի Կարաչեւ քաղաքի մոտ գտնվող զինամթերքի պահեստի վրա։ Այսպիսով՝ Ուկրաինայի ԶՈՒ-ն առաջին անգամ օգտագործել էր ամերիկյան հեռահար հրթիռները՝ Ռուսաստանի տարածքը թիրախավորելու համար։ Սակայն ուկրաինական բանակի Գլխավոր շտաբը այն չի հաստատել։
Ավելի ուշ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ նոյեմբերի 19-ի գիշերը Ուկրաինայի զինված ուժերը 6 հեռահար ATACMS հրթիռներով հարձակվել են Բրյանսկի շրջանում գտնվող ռազմական օբյեկտի վրա։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 17-ին ամերիկյան եւ եվրոպական բազմաթիվ լրատվամիջոցներ հայտնեցին, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը թույլատրել է ուկրաինացի զինվորականների կողմից ATACMS հրթիռների կիրառումը՝ Ռուսաստանի Կուրսկի մարզում գործողություններ իրականացնող ստորաբաժանումներին պաշտպանելու համար։ Ինչպես նշում է The New York Times-ը, Վաշինգտոնի այս որոշումը պայմանավորված է Կուրսկում հյուսիսկորեական զորքերի տեղակայմանն ի պատասխան։
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Բրայան Նիկոլսն էլ նոյեմբերի 19-ին փաստացի հաստատել է, որ Վաշինգտոնը Ուկրաինային թույլատրել է հարձակվել Ռուսաստանի տարածքի խորքերում տեղակայված թիրախների վրա՝ օգտագործելով ATACMS հրթիռները։