ԱՄՆ-ն մտադիր չէ փոխելու իր միջուկային դոկտրինը՝ ի պատասխան Ռուսաստանի իրականացրած վերաթարմացումների։ Այդ մասին ասված է ԱՄՆ նախագահին առընթեր Ազգային անվտանգության խորհրդի տարածած հայտարարության մեջ։
«Մեզ չի զարմացնում Ռուսաստանի հայտարարությունն այն մասին, որ նա թարմացնում է իր միջուկային դոկտրինը։ Նա մի քանի շաբաթվա ընթացքում ուղարկել էր համապատասխան ազդանշաններ։ Չգտնելով փոփոխություններ Ռուսաստանի միջուկային ուժերի կազմաձեւում՝ մենք պատճառ չենք տեսնում փոխելու մեր միջուկային ուժերի կազմաձեւումը կամ փոխելու միջուկային դոկտրինը՝ ի պատասխան Ռուսաստանի այսօրվա հայտարարությունների»,- ասվում է հայտարարության տեքստում։
Նման հայտարարությամբ հանդես է եկել նաեւ Պենտագոնի խոսնակ Սաբրինա Սինգխը։ Նա Կրեմլի հայտարարություններն անվանել է «անպատասխանատու հռետորաբանություն»՝ հավելելով, որ Միացյալ Նահանգները որեւէ նշան չի տեսնում, որ Ռուսաստանը պատրաստվում է միջուկային զենք կիրառելու Ուկրաինայում, հետեւաբար Վաշինգտոնը «միջուկային դիրքորոշումը փոխելու կարիք չի տեսնում»։
Հիշեցնենք, որ նախօրեին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է «Միջուկային զսպման ոլորտում Ռուսաստանի Դաշնության պետական քաղաքականության հիմունքները հաստատելու մասին» հրամանագիրը։
Թարմացված դոկտրինը ենթադրում է, որ միջուկային պատասխան հարվածների համար որպես պատճառ կարող է լինել «Ռուսաստանի Դաշնության եւ նրա դաշնակիցների դեմ ցանկացած ոչ միջուկային պետության կողմից միջուկային պետության աջակցությամբ իրականացվող ագրեսիան»։ Պատճառների շարքում նաեւ նշվում է, որ միջուկային հակահարված կարող է ՌԴ-ն հասցնել իր տարածքի դեմ իրականացվող զանգվածային օդային հարձակման դեպքում, եթե նույնիսկ կիրառվում են ոչ միջուկային միջոցներ, ինչպես, օրինակ՝ անօդաչու թռչող սարքեր։