Ադրբեջանը Հայաստանի դեմ հայց է ներկայացրել Հաագայի մշտական արբիտրաժային դատարան։
Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարությունը՝ նշելով, որ նախօրեին՝ նոյեմբերի 19-ին, հիմնական փաստաթուղթն ուղարկվել է Դատարան, որում մանրամասն ներկայացված են իբր Հայաստանի կողմից էներգետիկ ռեսուրսների նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխան իրավունքի խախտման դեպքերը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 12-ին «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործի շրջանակում Արդարադատության միջազգային դատարանը մերժեց ադրբեջանական կողմի ներկայացրած բոլոր առարկությունները եւ բավարարեց Հայաստանի երկու առարկությունները։
Հայաստանն Ադրբեջանին մեղադրում է էթնիկ հայերի սպանությունների, խոշտանգումների եւ անմարդկային վերաբերմունքի, ինչպես նաեւ ազատազրկումների եւ բռնի անհետացումների կազմակերպման համար։
Հաագայի դատարանի որոշումից հետո Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն, մեկնաբանելով վճիռը, հայտարարել էր, որ Բաքուն չի բավարարվելու եւ շարունակելու է «Հայաստանին պատասխանատվության ենթարկելու գործընթացը»։