Թուրքիան թարմացնում է իր հակաահաբեկչական ռազմավարությունը՝ հիմնվելով տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների վրա։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` Ռիո դե Ժանեյրոյում կայացած G-20-ի գագաթնաժողովից վերադառնալիս։
«Մենք թարմացնում ենք մեր հակաահաբեկչական ռազմավարությունը՝ մեր տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին համահունչ։ Մենք մշակել ենք սոցիալական եւ տնտեսական քաղաքականություն՝ ուղղված ահաբեկչական կազմակերպությունների գործունեության հնարավորությունների վերացմանը։ [․․․]Մենք մոտ ենք մեր նպատակին հասնելուն՝ «Թուրքիան առանց ահաբեկչության»,- ասել է Թուրքիայի նախագահը։
«Ահաբեկչական կազմակերպությունները չունեն այլ գաղափարախոսություն կամ նպատակ, քան իրենց տերերին հավատարիմ ծառայելը: Նրանք պարզապես հրամաններ են ստանում եւ փորձում են դրանք կատարել»,- ասել է Էրդողանը։
Հիշեցնենք, որ այսօր Bloomberg պարբերականն էր գրել, որ Անկարան Վաշինգտոնին առաջարկել էր Սիրիայից դուրս բերել ԱՄՆ զորքերը եւ դադարեցնել իր կողմից ահաբեկչական ճանաչված տեղի քրդական ռազմական կազմավորումներին ցուցաբերվող աջակցությունը՝ փոխարենը վստահեցնելով, որ պատրաստ է ինքնուրույն պայքարելու «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ։
Պարբերականը նաեւ նշում է, որ Վաշինգտոնը դեռ չի արձագանքել Անկարայի առաջարկին։
Նշենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախկինում բազմիցս է հայտարարել Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտի ստեղծելու ծրագրերի մասին, որի նպատակը պետք է լիներ սահմանի 600 կիլոմետրանոց հատվածի վրա վերահսկողություն ապահովելու եւ այնտեղից բխող ահաբեկչական սպառնալիքները նվազագույնի հասցնելու համար։