Օրեր առաջ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի Սոցիալական, հումանիտար եւ մշակութային հարցերի կոմիտեն, որը հայտնի է որպես «Երրորդ կոմիտե», ընդունեց նացիզմի հերոսացման դեմ պայքարի վերաբերյալ ՌԴ-ի բանաձեւը։ Բանաձեւի համահեղինակներից է նաեւ Հայաստանը։ Հայաստանյան մեդիա դաշտում այս իրադարձությունը քիչ ուշադրության արժանացավ, իսկ արժանանալու դեպքում էլ ծայրահեղ գնահատականների տեղիք տվեց։ Մասնավորապես, կարծիքների մի մասի համաձայն, նշվում էր, որ Նիկոլ Փաշինյանը շեղվել է հակառուսական գծից եւ Բայդենի վարչակարգի տապալումից հետո վերադարձել «ողջամտության», իսկ ավելի կոնկրետ՝ «ռուսակենտրոնության դաշտ»։
Վերացարկվելով հայաստանյան ներքաղաքական գզվռտոցներից, այնուամենայնիվ, կարեւոր է հասկանալ՝ ինչ բանաձեւի մասին է խոսքը, եւ արդյոք այն ունի իր մեջ «ռուսակենտրոնության» տարրեր։
Նախ պետք է նշել, որ սա Ռուսաստանի ավանդական դարձած բանաձեւն է, որը 2012 թվականից ի վեր քննարկման է դրվում ամեն տարի։ Տարբեր տարիների ընթացքում տեքստի համահեղինակներն են եղել Ադրբեջանը, Բելառուսը, Հայաստանը, Վենեսուելան, Վիետնամը, Կամբոջան, ԿԺԴՀ-ն, Կուբան, Լաոսը, Մալին, Նիկարագուան, Պակիստանը, Սիրիան, Սուդանը, ԿԱՀ-ը, Հասարակածային Գվինեան եւ ՀԱՀ-ը։ Բանաձեւը, դատապարտելով նացիզմի եւ նեոնացիզմի հերոսացումը, կոչ է անում բոլոր անդամ երկրներին միջոցներ ձեռնարկել այս վնասակար գաղափարախոսությունների եւ գործելակերպերի դեմ պայքարելու համար։ Բանաձեւը ընդգծում է կրթության եւ հանրային իրազեկման արշավների կարեւորությունը հանդուրժողականության եւ փոխըմբռնման խթանման գործում: Այն նաեւ կոչ է անում հետապնդել այն անձանց, որոնք քարոզում կամ ներգրավում են ատելության խոսք կամ բռնություն ռասայական, էթնիկ կամ կրոնական պատկանելության հիման վրա:
Այնուամենայնիվ, ԵՄ անդամ երկրներն ու ԱՄՆ-ն այս բանաձեւի վերաբերյալ ունեն ծայրահեղ հակառակ դիրքորոշում։ Այդ դիրքորոշումը հիմնված է աշխարհաքաղաքական այն իրավիճակի եւ համատեքստի վրա, որը ձեւավորվել է Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժելուց հետո։ Մասնավորապես, Ռուսաստանը փորձում է նման օրակարգերի միջոցով արդարացնել իր արտաքին քաղաքական եւ ռազմական ինտերվենցիաները՝ իրեն ներկայացնելով նացիզմի դեմ պայքարի առաջատար տերություն։ Սա նաեւ հիմնավորվում է ՌԴ նախագահի հրապարակային ելույթներով, երբ նա Ուկրաինայի գործող իշխանություններին փորձում է ներկայացնել «նեոնացիստներ», «բանդերականներ», «նարկոմանների բանդա» եւ այլ որակավորումներով։ Փաստացի, Ռուսաստանի Դաշնության կողմից փորձ է արվում օգտագործելու ՄԱԿ-ի ինստիտուտներն ու մեխանիզմները ապատեղեկատվություն եւ մանիպուլյացիաներ տարածելու նպատակով: Համաձայն ԱՄՆ-ի եւ ԵՄ անդամ ու թեկնածու համարվող երկրների հաղորդագրությունների՝ Ռուսաստանը առաջ է մղում իր ժամանակակից աշխարհաքաղաքական նպատակները՝ հղում անելով Հոլոքոստին եւ Երկրորդ համաշխարհային պատերազմին։ Միեւնույն ժամանակ, այս գործելակերպի միջոցով թիրախավորվում են այն երկրները, որոնք իրավամբ մերժում են Խորհրդային Միության կողմից իրենց դաժան տիրապետության տարիները նշելը: Ռուսաստանը նաեւ փորձում է օգտագործել նացիզմի կեղծ մեղադրանքը՝ փորձելով արդարացնել Ուկրաինայի ժողովրդի նկատմամբ իր անխիղճ շարունակական դաժանությունը:
Մինչեւ Ուկրաինական պատերազմի սկիզբը բանաձեւին դեմ էին քվեարկում հիմնականում միայն Ուկրաինան, ԱՄՆ-ն եւ Կանադան, մինչդեռ ԵՄ անդամ երկրները ձեռնպահ էին մնում հիմնականում։ Իրավիճակը շեշտակիորեն փոխվել է պատերազմից հետո։ Ամեն տարի այս բանաձեւը հաստատվում է մեծամասնության կողմից, սակայն, եթե 2021 թվականին այն ընդունվել է 130 կողմ, 2 դեմ (ԱՄՆ եւ Ուկրաինա) եւ 49 ձեռնպահ ձայներով, ապա 2024 թվականին փաստաթղթին կողմ է քվեարկել 116 երկիր, 11 պետություն ձեռնպահ է մնացել, դեմ է եղել 54 երկիր, այդ թվում՝ Ուկրաինան, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան, Կանադան, Հունգարիան, Ճապոնիան եւ այլն։
Ինչ վերաբերում է Ուկրաինային, որը ձեռնպահ է մնացել 2012 եւ 2013 թվականներին, ապա «Ոչ»-ի շրջադարձը տեղի է ունեցել 2014 թվականին՝ Մայդանի հեղափոխության, Ղրիմի բռնակցման եւ Դոնբասում պատերազմի բռնկման տարում։ 2019 թվականին ՄԱԿ-ում ուկրաինական պատվիրակությունն իր հակազդեցությունն արդարացրեց Ռուսաստանի երկակի ստանդարտներով, որն իրեն ներկայացնում է որպես հականացիստական պայքարի հերոս, սակայն չի հիշատակում ո՛չ 1939 թվականի գերմանա-խորհրդային դաշնագիրը, ո՛չ էլ 1932-1933 թվականներին Ուկրաինայում ստալինյան ռեժիմի պատճառով առաջացած սովի հետեւանքով միլիոնավոր մահերը։
Պետք է նկատել նաեւ, որ Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում բանաձեւի հիշատակմամբ արդեն իսկ երկու անգամ միջպետական հարաբերությունների լարվածություն է տեղի ունեցել։ Նման առաջին դեպքը 2016 թվականին Երեւանում Նժդեհի արձանի տեղադրման փաստն էր, երբ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշեց, որ Երեւանի դիրքորոշումը ցույց է տալիս Հայաստանի վերաբերմունքը Հայաստանի համահեղինակությամբ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի՝ «Նացիզմի հերոսականացման, նեոնացիզմի եւ անհանդուրժողականության ժամանակակից ձեւերի էսկալացիային նպաստող տեսակների դեմ պայքարի» բանաձեւի հանդեպ: Հետաքրքրական է, որ հենց Հայաստանի պատվիրակությունն է 2015 թվականին ՄԱԿ-ի ԳԱ 70-րդ նստաշրջանի ժամանակ հնչեցրել ՀԱՊԿ անդամ-պետությունների համատեղ հայտարարությունը՝ հաջակցություն տվյալ կարեւոր նախաձեռնության:
Մյուս նման դեպքը տեղի էր ունեցել 2019 թվականին, երբ հրապարակվել էր ՌԴ ԱԳՆ մի զեկույցում, որտեղ նույնպես խոսվում էր նացիզմի հերոսականացման անթույլատրելիության մասին եւ իրենից ներկայացնում էր տարբեր երկրների, այդ թվում Հայաստանի իրավիճակի վերաբերյալ վերլուծություն։ Զեկույցի մեջ երկու անդրադարձ էր առկա Հայաստանում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Նախ, նշվում էր Հայաստանում նախկին կառավարող կուսակցության կողմից ոչ միանշանակ, ազգայնական հոսանքի քաղաքական գործչի հիշատակի հավերժացման քայլեր, ինչպիսին է Գ.Նժդեհը, իսկ մյուս մասով անդրադարձ կար 2018 թվականին «Սասնա ծռեր» կուսակցության պաշտոնական գրանցում ստանալու մասով։
Նշենք, որ սրան ի պատասխան ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել էր՝ հիշեցնելով Հայրենական մեծ պատերազմի հաղթանակում հայերի ավանդի մասին։ Մասնավորապես, ԱԳՆ մամլո խոսնակ Աննա Նաղդալյանը հայտարարել էր, որ զեկույցին ծանոթացել են, եւ կարող է ասել հետեւյալը. Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է 600 հազար հայ, 300 հազարը զոհվել է։ Ավելի քան 100 ԽՍՀՄ հերոս, ավելի քան 60 գեներալ։ Սա՝ մեկ։ Երկրորդ՝ Հայաստանը պայքարել է հանուն իր գոյության Թուրքիայի եւ կովկասյան թաթարների դեմ եւ հարգում է այդ պայքարի հերոսներին։ Երրորդ՝ Հայաստանը համալիր մոտեցում է ցուցաբերում մարդու իրավունքներին, հանդես է գալիս դեմոկրատիայի ու բազմակարծության օգտին։ Բայց լինելով ժողովրդավարական եւ ազատ խոսքի երկիր՝ Հայաստանը ընդունել է օրենքներ, որոնք սահմանափակում են այլատյացության եւ անհանդուրժողության ցանկացած դրսեւորում։ Եվ չորրորդ՝ Հայաստանը պայքարում է ընդդեմ նացիզմի եւ այլատյացության, քանի որ սեփական փորձով գիտի նման երեւույթների վտանգավորության մասին՝ լինելով դրանց զոհը, եւ պայքարում է ընդդեմ արմատականության ցանկացած տեսակի։
Այսպիսով՝ կարող ենք փաստել, որ 1) այս բանաձեւը՝ իր տարբեր փոփոխություններով հանդերձ, շարունակում է լինել ՌԴ արտաքին քաղաքականության ուղղություններից մեկը եւ մշտապես դառնում է ՌԴ-Արեւմուտք խորքային եւ արժեքային հակասությունների առիթ հատկապես ՌԴ-ի՝ Ուկրաինա ներխուժելուց հետո, 2) Հայաստանի նախորդ եւ ներկա իշխանությունները մշտապես կողմ են քվեարկել բանաձեւին՝ լինելով նաեւ դրա համահեղինակը, 3) միևնույն ժամանակ նացիզմի հերոսականացման դեմ պայքարի տիրույթում հայ-ռուսական հարաբերություններում երկու անգամ միջպետական լարվածություն է առաջացել, 4) այնուամենայնիվ, Հայաստանի նման դիրքորոշումը դեռևս թե՛ հրապարակային, թե՛ ոչ հրապարակային դաշտում լուրջ հակազդեցության կամ քննարկման առիթ չի եղել։
Յուրի Մովսեսյան
PoliticON փոդքասթի համահեղինակ, հանրային քաղաքականության եւ կառավարման մասնագետ