Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ տրանսպորտային ոլորտում ամենամեծ նախագիծը «Զանգեզուրի միջանցքն» է: Այդ մասին լրագրողներին ասել է Թուրքիայի տրանսպորտի եւ ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն։
«Այս ուղղությամբ մենք օպերատիվ կերպով շարունակում ենք գործընթացները ադրբեջանական կողմի հետ։ Միջանցքը կանցնի Հայաստանի, թե Իրանի տարածքով, կորոշեն մեր ադրբեջանցի եղբայրները։ Հաջորդիվ այս միջանցքը Նախիջեւանով կանցնի դեպի Թուրքիա»,- հայտարարել է Ուրալօղլուն։
Նա նաեւ նշել է, որ Թուրքիան արդեն ավարտել է նախագծի իր մասը, որն ուղիղ տրանսպորտային կապ կստեղծի Ադրբեջանի հետ, իսկ առաջիկա օրերին կսկսվեն շինարարական աշխատանքները։
Հիշեցնենք, Բաքուն պնդում է, որ Նախիջեւանի եւ Թուրքիայի հետ իր տրանսպորտային կապը առանց մաքսային հսկողության պետք է ապահովվի Հայաստանի Սյունիքի մարզի տարածքով՝ այն անվանելով «Զանգեզուրի միջանցք»։ Երեւանն էլ հայտարարել է, որ պատրաստ է Ադրբեջանին ճանապարհ տամադրելու Նախիջեւանի հետ կապի համար միայն Հայաստանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության շրջանակներում՝ բացառելով արտատարածքային միջանցքի գաղափարը։
Նշենք նաեւ, որ «Զանգեզուրի միջանցքի» շուրջ շահարկումները որոշակիորեն դադարեցվեցին 2023-ի վերջերին եւ 2024 թվականի սկզբներին։ Բաքուն մեկ անգամ չէ, որ հայտարարել է, որ եթե Երեւանը Սյունիքով ճանապարհ չի տրամադրում, ապա դա կարող է անցնել Իրանի տարածքով։ Ադրբեջանի նախագահի հատուկ հարցերով բանագնաց Էլչին Ամիրբեկովը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել էր, որ կոմունիկացիաների վերաբերյալ քննարկումները Հայաստանն ու Ադրբեջանը թողել են խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո։ Այս տեղեկությունը հաստատեց նաեւ Հայաստանի արտգործնախարարությունը։ Սակայն սեպտեմբերից սկսած Իրանը հայտարարեց, որ «Զանգեզուրի միջանցքի» բացմանը սատարում է Ռուսաստանը, ինչը կտրուկ հակադիր է իրանական շահերին։ Թեհրանից տարբեր մակարդակներով հայտարարեցին, որ դեմ են տարածաշրջանում սահմանների ցանկացած փոփոխության, իսկ տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը պետք է տեղի ունենա երկրների տարածքային ամբողջականության շրջանակում։