ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը Կոնգրեսին հայտնել է, որ նախատեսում է չեղարկել Ուկրաինայի 4,65 միլիարդ դոլարի վարկի կեսը։ Այդ մասին հայտնում է Bloomberg-ը։
Կոնգրեսին ուղարկված Պետքարտուղարության նամակում, որին ծանոթանալու հնարավորություն են ունեցել Bloomberg-ի լրագրողները, ասվում է, որ պարտքի չեղարկումը «բխում է Միացյալ Նահանգների ազգային եւ ԵՄ-ի, G7-ի ու ՆԱՏՕ-ի եւ նրա գործընկերների շահերից», որը հնարավորություն կտա օգնելու Ուկրաինային՝ պատերազմում հաղթելու համար:
2024 թվականի ապրիլին հաստատված 60 միլիարդ դոլարի ԱՄՆ օգնության փաթեթի շրջանակում Ուկրաինային տրամադրվել է 9 միլիարդ դոլարի վարկ: Վարկի մի մասի չեղարկումը, ինչպես նշում է Bloomberg-ը, մինչեւ Դոնալդ Թրամփի պաշտոնավարումը կլինի Բայդենի վարչակազմի կողմից «Կիեւին ուղղված աջակցության քայլերի շարքում վերջինը»:
Պարբերականի փոխանցմամբ՝ նման որոշումը քննադատության է ենթարկվել հանրապետական սնեատորների կողմից։ Կենտուկիի սենատոր Ռենդ Փոլը հայտարարել է, որ նախատեսում է Սենատում քվեարկություն անցկացնել «Բայդենի վարչակազմին կանգնեցնելու» համար, քանի որ նրա որոշումը պարտքի բեռը գցում է ամերիկացիների ուսերին: Սակայն հաշվի առնելով, որ դեմոկրատները դեռ վերահսկում են Սենատը՝ այդ բանաձեւը հազիվ թե ընդունվի, նշում է Bloomberg-ը։
Նախագահական ընտրություններում Թրամփի հաղթանակից հետո Սպիտակ տունը որոշում է ընդունել արագացնել Ուկրաինային ռազմական օգնության ուղարկումը, գրում է The Wall Street Journal-ը։ Մասնավորապես, Պենտագոնը հայտարարել է Patriot եւ NASAMS հակաօդային պաշտպանության համակարգերի համար 500-ից ավելի հրթիռներ Ուկրաինային փոխանցելու մասին։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 17-ին էլ ամերիկյան եւ եվրոպական բազմաթիվ լրատվամիջոցներ հայտնեցին, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը թույլատրել է ուկրաինացի զինվորականների կողմից ATACMS հրթիռների կիրառումը՝ Ռուսաստանի Կուրսկի մարզում գործողություններ իրականացնող ստորաբաժանումներին պաշտպանելու համար։ Ինչպես նշում է The New York Times-ը, Վաշինգտոնի այս որոշումը պայմանավորված է Կուրսկում հյուսիսկորեական զորքերի տեղակայմանն ի պատասխան։