Նիկոլ Փաշինյանը կրկին դարակազմիկ մտքեր է արտահայտել ու կրկին Ազգային ժողովի ամբիոնից։ Կառավարության նիստերին ու ԱԺ նա նման դարակազմիկ մտքերով զինված է գալիս։ Այս անգամ ասել է. «Հայաստանում, գիտե՞ք, մի հատ ըսենց երեւույթ կա, ու դա մոդայա, գիտե՞ք, էդ պատմական Հայաստանի մոդայա, գնում ես, ջահել տղայա, երեսուն տարեկան, խոսում ես հետը, ասում ա՝ ես, դե, ես սասունցի եմ, օ քեյ, գնում ես ուրիշ տեղ՝ էն մեկն ասում ա՝ ես մշեցի եմ, հինգերորդն ասում ա՝ դե, ես վանեցի եմ ․․․ շատ լավ, շատ լավ հասկանում եմ, բայց, ժողովուրդ, ես ուզում եմ հասկանամ, բա, դիլիջանցին ո՞վ ա էս երկրում, բա երեւանցին ո՞վ ա էս երկրում, աշտարակցին ո՞վ ա էս երկրում»։
Նման հայերենով ու նման ձեւակերպումներով նա իր հասկացած պատմական ու իր հասկացած իրական Հայաստանների միջեւ առկա հակադրությունն է ընդգծել փորձում։ Բայց քանի որ թեմային չի տիրապետում, պատմական եւ իրական Հայաստանների մասին ունի խիստ մոտավոր պատկերացումներ, ապա հակադրում է ոչ թե պատմականն ու իրականը, այլ պատմությունն ու մեր օրը։ Չի գիտակցում, որ վանեցու ժառանգն իր նախնիների վանեցի լինելը չի կարող չհիշել ու չշեշտել, եւ չի կարող իրեն մշեցի չհամարել մշեցու ժառանգը, եւ որ դա պատմական ու իրական Հայաստանների հակադրում չէ բոլորովին։ Ճիշտ այդպես ամերիկացիներն են, օրինակ, հիշում, որ իրենց նախնիները իռլանդացի, գերմանացի կամ իսպանացիներ են եղել, որովհետեւ չհիշել ու չշեշտել չեն կարող։ Դա բնական է ու խիստ մարդկային։ «Մարդ ու անասուն իրարից ջոկվում են հիշողությամբ»։ Սա Հրանտ Մաթեւոսյանն է ասել։ Իսկ հիշողություն չունեցող մանկուրտին, որը չգիտի, թե ինչ ցեղից է ու ինչ ազգից, չի հիշում իր անունն ու իր ծնողներին, Չինգիզ Այթմատովն է նկարագրել։
Պատմական Հայաստանն ու իրական Հայաստանը հակադրվում են ոչ թե պատմական Հայաստանի մասին եղած հիշողությամբ, այլ իրական Հայաստանը հանուն պատմական Հայաստանի զոհելու պատրաստակամությամբ։ Այն, ինչ արեց ինքը՝ Փաշինյանը։ Նա հանուն իր պատկերացրած պատմական Հայաստանի զոհեց իրական Հայաստանը։ Զոհեց բառիս ամենաիսկական իմաստով։ Զոհեց, երբ Սեւրի պայմանագիր էր թափահարում եւ պատմական արդարությունը վերականգնելուց էր խոսում, երբ մերժում էր հարեւանի հետ վեճը փոխզիջումներով կարգավորելու միտքն անգամ, որովհետեւ իր պատկերացրած պատմական Հայաստանից կտոր պետք է զիջվեր։ Այսօր էլ Հայաստանը, իրական Հայաստանը կրում է նրա անպատասխանատու եւ սադրիչ քայլերի հետեւանքով ստացած վերքերն, ու հարց է, թե ապաքինվելու համար որքան ժամանակ է պետք լինելու։
Ու հիմա այս մարդը փոխանակ ասի, որ սխալվել է, որ այս պարտությունը, այս անդառնալի կորուստներն ու այս ծանր վիճակն իր պատճառով են, ու հեռանա, մնում ու ելույթներ է ունենում։ Չի խոսում իր մասին, իր տեսակի ու իր թիմակիցների, իր ճամփակիցների մասին չի խոսում։ Իր նման պատմական արդարություն փնտրողների, իր նման մաքսիմալիստների, իր նման ոչ մի թիզ չզիջողների, իր նման անվտանգության գոտի ունենալ ցանկացողների մասին չի խոսում։ Չի խոսում պարտության մասին, որ ոչ թե հակառակորդը, այլ ինքն ու իրենք են բերել։ Չի ասում, որ դարձել է այդ պարտության գերին ու հնազանդ է դրսից հնչող թելադրանքներին։ Չի ասում, որ մեր պատմությունն ու մեր հիշողությունը, մեր Հռչակագիրը, մեր Սահմանադրությունը, մեր խորհրդանիշերը դրսից հնչած թելադրանքներին հարմարեցնելու խնդիրն է լուծում։
Խոսում է մեր մասին, բոլորիս մասին է խոսում։ Իբր բոլորս ենք մեղավոր։ Իբր բոլորս ենք սխալ ճանապարհով գնացել, եւ արդյունքը, որ կա, բոլորիս մեղքով է, թե բոլորս ենք մասնակից ու մեղսակից։ Ստվարաթղթե քարտեզ է սարքել, թափահարում է անընդհատ ու ասում, թե մեր հիշողությունը մեզ խանգարում է։ Մկրատն էլ, հավանաբար, գրպանում է, որ նոր պարտադրանքի դեպքում կտրի հարմարեցնի։ Փորձում է համոզել, թե կհաջողենք, եթե չհիշենք մեր անցյալը, եթե մոռանանք՝ ով ենք ու որտեղից ենք գալիս։ Առաջարկում է, որ կիսենք իր քայլերի ու իր վարքի պատասխանատվությունը։ Որ ընդունենք իր «փաստարկները»։
Պարտությունը, անկասկած, բոլորինս է, այստեղ խոսքեր չկան։ Այն բոլորիս ուսերին է ծանրանում ու բոլորիս է պարտավորեցնում։ Բայց բոլորս չենք մեղավոր, որ եղավ այս պատերազմն ու այս պարտությունը։ Մեղավոր են 1998-ից այս կողմ մեր երկրում իշխանություն ունեցողները՝ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, որոնք 98-ին մերժեցին փոխզիջումներով հակամարտությունը կարգավորելու հնարավորությունը, ապա 20 տարի շարունակ խնդրի լուծման ուղղությամբ առարկայական քայլեր չձեռնարկելով՝ հասցրին մեզ պատերազմի շեմին, իսկ Փաշինյանն իր անպատասխանատու վարքով հատեց այդ շեմը։
Իշխանությունը նրան այսօր մեծ հնարավորություններ է ընձեռում։ Ունի իրեն հնազանդ խորհրդարան եւ տարատեսակ կից կառույցներ։ Կարող է մեր անունից վճիռներ կայացնել, կարող է ջնջել մեր Հռչակագիրը, կարող է իրեն հարմար Սահմանադրություն գրել, պարտադրանքներին հլու՝ նահանջել, խոստանալ ու պայմանավորվել, բայց ստիպել կամ համոզել մեզ, որ չհիշենք մեր կենսագրությունը, որ չհիշենք մեր պատմությունը, չի կարող։
Մեր ժողովուրդն ամուր հիշողություն ունի։ Մենք հիշում ենք ու հիշելու ենք, թե ով ենք, որտեղից ենք գալիս, ովքեր են եղել մեր նախնիները, ու գիտենք, թե ուր ենք գնում։ Չենք մոռանում նաեւ մեր պատուհասներին ու մեր աղետաբերներին։ Նրանք էլ են մեր պատմության մաս ու մասնակից։ Եվ Անկախ Հայաստան էլ հռչակել ենք, որ հաստատուն լինի մեր ընթացքը, եւ տեր լինենք թե՛ մեր վատին, թե՛ մեր լավին, թե՛ մեր անցյալին, թե՛ մեր ապագային։
Իրավապաշտպան, հասարակական գործիչ` խորհրդային այլախոհի տպավորիչ կենսագրությամբ։ 2004-ին ստեղծել է «Իրավունքի եւ ազատության կենտրոնը», որի հիմնադիր ղեկավարն է։ Հրապարակել է հայ այլախոհության պատմությունը ներկայացնող երկու գիրք՝ «Այլախոհությունը խորհրդային Հայաստանում» եւ «Քաղբանտարկյալի պատմություն»։