Սիրիայի Պալմիրա քաղաքի արվարձանում Իսրայելի ավիահարվածների հետեւանքով զոհվել է 10 սիրիացի զինվոր, այդ թվում՝ մեկ բրիգադային գեներալ։ Այդ մասին հայտնում է իսրայելական Ynet հարթակը՝ հղում կատարելով սիրիական ընդդիմադիր Voice of the Capital կայքին։
Ավելի վաղ Սիրիայի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ հարձակման հետեւանքով, որը Դամասկոսը վերագրում է Իսրայելին, զոհվել է 36, վիրավորվել՝ ավելի քան 50 մարդ, նշում է Ynet-ը։
Հիշեցնենք, որ իրավիճակը Մերձավոր Արեւելքում կտրուկ վատթարացավ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին՝ Գազայի հատվածից Իսրայելի տարածք պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի շարժման մարտիկների ներթափանցումից հետո, որն ուղեկցվեց սահմանամերձ բնակավայրերի բնակիչների սպանություններով եւ պատանդառությամբ։ Ի պատասխան այս ամենին՝ Իսրայելը հայտարարեց Գազայի հատվածի ամբողջական շրջափակման մասին եւ սկսեց ավիացիոն հարվածներ հասցնել ինչպես Գազայի, այնպես էլ Լիբանանի եւ Սիրիայի որոշ շրջանների։ Կարճ ժամանակ անց Իսրայելի պաշտպանության բանակը լայանածավալ ցամաքային գործողություններ սկսեց Գազայում։