Մեծ աչքերով, փոքրամարմին գյումրեցի դերասան Սամվել Առաքելյանը՝ Նիկոն, բեմին թե առօրյա կյանքում ուշադրության կենտրոնում է: Նրա տպավորիչ դիմախաղը, խարիզմատիկ եւ տարբերվող կերպարը տասնամյակներ շարունակ գերել են հանդիսատեսին:
«Ծնվել եմ 1961 թվականի նոյեմբերի 14-ին Լենինականում,- տարիների էջերն է մտովի թերթում, խոր մանկություն գնում Սամվել Առաքելյանը,- խեղճ մայրս հիվանդանոց էլ չի հասել, տանը՝ մեր թախտի վրա եմ ծնվել»: Սովորական բանվորի ընտանիքում է աչք բացել, աշխարհը ճանաչել: Տեքստիլի ֆաբրիկայում մի քանի հերթափոխով աշխատող հայրն ու մայրը հոգսերից զատ յոթ որդով սեղան նստելու երջանկությունն են ունեցել:
Սամվելի եւ քույր-եղբայրների դաստիարակությամբ տատն է զբաղվել: «Անգամ հանրակրթական դպրոց չէր ավարտել, բայց խելացի, արվեստասեր կին էր տատս, իմ մեջ արվեստի նկատմամբ սեր ձեւավորողն էլ ինքն է եղել»: Հարազատ-բարեկամների մեջ թեեւ դերասան չեն ունեցել, բայց, ինչպես ինքն է ասում, դերասան չի դարձել, ծնվել է: Մանկապարտեզում արդեն կերպար կերտելն իր համար լուրջ եւ պատասխանատու գործ է համարել: «Ամանորյա ներկայացման մեջ նապաստակ էի կերպարանավորում, որը, գայլից փախչելով, էմալապատ վաննայի տակ պետք է պատսպարվեր: Այնքան պատասխանատու ձեւով թաքնվեցի, որ ժամերով չէին գտել, ես էլ հոգնել, թաքստոցում քնել էի»,- մանկացած ու իրեն հատուկ վարակիչ ծիծաղով պատմում է դերասանը:
Դպրոցական տարիների մասին խոսելիս հիշում է, որ շատ էին սիրում իրեն, ամեն բան ներում: Դպրոցում կարողացել է համախմբել թատերասեր դասընկերներին, ինքնագործ ներկայացումներ բեմադրել, արտասովոր տաղանդով փայլել:
Հերթական ներկայացումներից մեկը ճակատագրական է եղել: Մռավյանի անվան թատրոնի գլխավոր ռեժիսոր Երվանդ Ղազանչյանը, որը դպրոցում հյուր է եղել, իր պատվին բեմադրված աշակերտական ներկայացման ժամանակ նկատել է պատանու աչքի ընկնող տաղանդը: Շուտով Գյումրու տեքստիլի մշակույթի պալատից հրավեր է ստանում, երեք ամենամոտ ընկերների հետ գնում: Ընկերները բավարարվում են մի քանի այցով միայն, բայց Սամվելի համար բացվում է իրեն այդքան հարազատ թատերական արվեստի մեծ ճանապարհը:
Որոշ ժամանակ անց մասսայական տեսարաններում է սկսում խաղալ: Հիշում է՝ առաջին անգամ մեծ բեմում երաժշտախմբի կոնտրաբաս նվագողին է կերպարանավորել: Հանդիսատեսի հիշողության մեջ դաջվել է փոքրամարմին դերասանը, որն իրենից շատ ավելի բարձր երաժշտական գործիքը շալակած քայլում է բեմում:
Դերասանական ստուդիայում ուսանած տարիներն անփոխարինելի է համարում: «Ամեն օր շփվում, խաղում էի ոսկե տառերով գրված անունների կողքին՝ Ժաննա Թովմասյան, Նինա Բոխյան, Արզո Արզումանյան… Մի օր էլ «Ատամնաբույժն արեւելյան» ներկայացումից գալիս է տուն, «բանակի քեֆ» են անում, Սամվելին ճանապարհում բանակ: « Գործերիս մեջ տեսան, որ դերասան եմ, հանձնարարեցին ամանորյա ներկայացում բեմադրել»: Հայ տղայի ներկայացումն ու դերասանական վարպետությունը հիացնում են ՌԴ-ում գտնվող զորամասի սպայական կազմին, ինչից հետո բանակում ծառայության տարիները Նիկոյի համար վերածվում են ստեղծագործականի: Իրար հետեւից ծնվում են նոր ներկայացումներ, տիկնիկային բեմադրություններ, «Յասամանի ծառի տակ» երգի Նիկոյի կատարումն էլ դառնում է ռուս զինվորականների ամենասիրած պարեղանակը:
1982 թվականին զորացրվելուց անմիջապես հետո ոտքերը նրան թատրոն են տանում: Նախ Դրամատիկականում որպես բեմի բանվոր է ընդունվում, ապա՝ աֆիշ ձեւավորող: Շուտով նաեւ գալիս է բաղձալի օրը. Սամվել Առաքելյանը որպես դերասան ընդունվում է աշխատանքի: «Դրամատիկականում առաջին տեքստով դերս «Քանդած օջախ» ներկայացման Միխոյի կերպարն էր»: Դրան հաջորդում են բազմաթիվ այլ դերեր, բայց դերասանն ասում է՝ «ամեն անգամ, քանի դեռ ոտքս բեմին չեմ դրել, էն աշխարհ եմ գնում ու հետ գալիս, բայց հենց հասա բեմին, կտրվում եմ աշխարհից ու ամեն ինչից: Հանդիսատեսը պետք է տեսնի ոչ թե ինձ, այլ այն մարդուն, ում կերպարանավորում եմ»:
Արդեն ճանաչված ու սիրված դերասանը թատրոնից բացի այլ սեր էլ է գտնում. «Լեյլային տեսա, խելքս գլխիցս թռավ, տարա տուն, տատս շատ հավանեց, ասաց՝ էս է, որ կա: Այդ օրվանից առ այսօր արդեն 40 տարի քայլում ենք ներդաշնակ, ընտանեկան ճանապարհով»:
Նիկոյին գյումրեցի հանդիսատեսը հատկապես ճանաչեց մութ ու ցուրտ տարիներին, երբ խնդիրների մեջ սուզված Գյումրիում դերասան
ներ Հովհաննես Հովհաննիսյանի, Արթուր Հակոբյանի հետ հումորային մանրապատումներ էին նկարահանում, մարդկանց ժպիտներ պարգեւում:
Հանդիսատեսի սերը վայելելու միակ գրավականը Սամվել Առաքելյանը անկեղծությունն է համարում: «Եթե լավ կերպար եմ խաղում, սիրո ալիք եմ զգում, վատ կերպարի դեպքում լավ եմ զգում, երբ հանդիսատեսի ատելությունն եմ շարժում. այդպես ճիշտ է… Աշխատանքիս գնահատականը ծափահարությունն է. երբ ես արժանանում եմ ծափերի, երբ ինձ ծափերով չեն թողնում բեմից գնալ, զգում եմ, որ ճիշտ եմ ընտրել ուղիս»:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։