Եվրամիությունը պարտադիր է համարում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի եւ պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտի ձերբակալության վերաբերյալ Միջազգային քրեական դատարանի որոշումները։ Այս մասին հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Ջոզեպ Բորելը Հորդանան կատարած այցի արդյունքներով մամուլի ասուլիսի ժամանակ։
Նա ընդգծել է, որ ԵՄ-ն «ի գիտություն է ընդունել այդ որոշումները»։ Դիվանագետի խոսքով՝ դրանք «պարտադիր են ՄՔԴ բոլոր անդամների համար, որոնց թվում են նաեւ ԵՄ երկրները»։
Բորելը հայտարարել է, որ Գազայում «հրեշավոր հանցագործություններ են կատարվում», որոնց մասին «այլեւս խոսքեր չկան»։ «Սա բնական աղետ չէ, երկրաշարժ կամ ջրհեղեղ չէ, այլ աղետ է՝ ստեղծված մարդու ձեռքով»,- ասել է Բորելը՝ ընդգծելով, որ «խաղաղության հնարավոր չէ հասնել խաղաղ բնակչության ոչնչացման միջոցով»։
ՄՔԴ որոշումը պարտադիր կյանքի կոչելու մասին հայտարարել է նաեւ Նիդերլանդների արտգործնախարար Կասպար Վելդկամփը՝ նշելով, որ Նեթանյահուն կամ Գալանտը կձերբակալվեն երկիր ժամանելուն պես։
Վճռի հրապարակումից հետո Իսրայելի վարչապետի գրասենյակը հայտարարեց, որ «Իսրայելը զզվանքով է մերժում Միջազգային քրեական դատարանի անհեթեթ ու կեղծ գործողությունները, ինչպես նաեւ ներկայացված մեղադրանքները»։
Իսրայելի արտաքին գործերի նախարար Գեդեոն Սաարն էլ հայտարարել է, որ Միջազգային քրեական դատարանը կորցրել է ամբողջ լեգիտիմությունը վճիռները հրապարակելուց հետո, որոնք նա անվանել է «աբսուրդ»:
Հիշեցնենք, որ այսօր ՄՔԴ-ն մարդկության դեմ հանցագործությունների եւ ռազմական հանցագործությունների մեղադրանքով ձերբակալության օրդերներ է տվել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի եւ պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտի համար։ Զուգահեռաբար ՄՔԴ-ն նաեւ պահանջել է ձերբակալել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թեւի հրամանատար Մուհամմեդ ալ-Դեյֆին, որը, ըստ իսրայելական կողմի, սպանվել է հուլիսին։