Հյուսիսային Կորեայի ժողովրդական բանակի բարձրաստիճան գեներալը վիրավորվել է Կուրսկի մարզում ուկրաինական հրթիռային հարվածների հետեւանքով։ Այս մասին նոյեմբերի 21-ին գրել է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով արեւմտյան անանուն պաշտոնյային:
Աղբյուրը չի բացահայտել, թե ինչ հանգամանքներում է վիրավորվել կորեացի գեներալը։ Չի նշել նաեւ զինվորականի անունը։
Ինչպես նշում է WSJ-ն, սա առաջին դեպքն է, երբ արեւմտյան իշխանական շրջանակները հայտնում են, որ ռուս-ուկրաինական պատերազմի ժամանակ հյուսիսկորեացի բարձրաստիճան զինվորական է վիրավորվել։
ՄԱԿ-ում Հյուսիսային Կորեայի առաքելությունը չի պատասխանել The Wall Street Journal-ի հարցմանը:
Ուկրաինացի զինվորականները Կուրսկի մարզի վրա Մեծ Բրիտանիայի մատակարարած առնվազն 10 հեռահար Storm Shadow հրթիռների հարձակումն իրականացրել էին նոյեմբերի 20-ին, հիշեցնում է WSJ-ն՝ վկայակոչելով ուկրաինացի եւ արեւմտյան պաշտոնյաներին։ Պարբերականը նշում է, որ դեռ պարզ չէ, թե արդյոք այս հարվածը կապված է Կորեայի ժողովրդական բանակի գեներալի վիրավորման հետ։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ավելի վաղ հայտարարել էր, որ ուկրաինացի զինվորականները Storm Shadow հրթիռներով հարձակվել են ռուսական «Հյուսիս» խմբավորման հրամանատարական կետերից մեկի վրա, ինչի հետեւանքով կան զոհեր եւ վիրավորներ։
Կիեւի եւ Վաշինգտոնի պնդմամբ ՌԴ Կուրսկի մարզում ներկա պահին տեղակայված է ավելի քան 10 հազար հյուսիսկորեացի զինվորական։
ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Ջոն Քիրբին հոկտեմբերին հայտարարել էր, որ Հյուսիսային Կորեայի ցանկացած զինվորական, որը կռվում է Ուկրաինայի դեմ, օրինական թիրախ կլինի ուկրաինական բանակի համար։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նոյեմբերին, ի պատասխան ԿԺԴՀ-ի՝ ռուս-ուկրաինական պատերազմին ներգրավվածության, Ուկրաինային թույլ տվեց հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքին՝ օգտագործելով հեռահար ATACMS հրթիռներ: Զուգահեռաբար հանվել է նաեւ Storm Shadow հրթիռների կիրառմամբ նման հարձակումների վրա դրված արգելքը։
Բրյանսկի եւ Կուրսկի մարզերի վրա արեւմտյան հրթիռներով Ուկրաինայի ԶՈՒ առաջին հարձակումներից հետո ռուսական բանակը, օգտագործելով «Օրեշնիկ» բալիստիկ հրթիռային համակարգը, հարված հասցրեց Դնեպր քաղաքի ռազմարդյունաբերական օբյեկտին։