Արեւմտյան երկրները պետք է լուրջ վերաբերվեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հինգշաբթի հնչեցրած հայտարարությունը, որը վերաբերում է Ուկրաինայի հակամարտությանը եւ ռուսական «Օրեշնիկ» նոր բալիստիկ հրթիռի օգտագործմանը: Նման կարծիք է հայտնել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ ելույթ ունենալով Kossuth ռադիոկայանի առավոտյան հաղորդման եթերում։
Նա նշեց, որ տարբեր երկրներում հանրային հաղորդակցությունները տարբեր կերպ են իրականացվում։ «Բայց եթե Ռուսաստանում նախագահը մի բան է ասում, ապա դրանք դատարկ խոսքեր չեն։ Սա կոմունիկացիոն հնարք չէ»,- ասել է Հունգարիայի կառավարության ղեկավարը։
Նրա խոսքերով ՝Ռուսաստանն ունի «աշխարհի ամենահզոր բանակներից մեկը, որն ունի ամենաժամանակակից, ամենակործանարար զենքերը»։
Օրբանը նաեւ հիշեցրել է, որ Ռուսաստանը վերաթարմացումներ է կատարել իր միջուկային դոկտրինում։ Այդ համատեքստում նա ընդգծել է, որ այն երկրները, որոնք ռազմական օգնություն են ցուցաբերում Ուկրաինային, պետք է խոհեմություն ցուցաբերեն։ «Անհրաժեշտ է գործել ողջախոհությամբ, այլապես կարող են խնդիրներ լինել»,- ասել է Օրբանը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նոյեմբերին, ի պատասխան ԿԺԴՀ-ի կողմից ռուս-ուկրաինական պատերազմին ներգրավվածության, Ուկրաինային թույլ տվեց հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքին՝ օգտագործելով հեռահար ATACMS հրթիռներ: Զուգահեռաբար հանվել էր նաեւ Storm Shadow հրթիռների կիրառմամբ նման հարձակումների վրա դրված արգելքը։
Ուկրաինական բանակը առաջին հարվածները հասցրեց Բրյանսկի եւ Կուրսկի մարզերում տեղակայված ռազմական օբյեկտներին։
Ի պատասխան դրանց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ ռուսական բանակը, օգտագործելով «Օրեշնիկ» բալիստիկ հրթիռային համակարգը, հարված է հասցրել Դնեպր քաղաքի ռազմարդյունաբերական օբյեկտին։