ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն Բաքվին եւ Երեւանին կոչ է արել վերսկսելու ղարաբաղյան բանակցությունները։
Տեսակապով ելույթ ունենալով ԱՄՆ Կոնգրեսին առընթեր Հելսինկյան կոմիտեի՝ «ԵԱՀԿ-ն Շվեդիայի նախագահության» առաջնահերթություններին եւ առկա զարգացումներին նվիրված հանդիպմանը՝ Լինդեն ասել է, որ հայ-ադրբեջանական սահմանին վերջին լարվածության աճը վկայում է, որ չլուծված հարցերը լուրջ մարտահրավեր են մնում միջազգային խաղաղությանն ու կայունությանը
Լինդեն նշել է, որ անհրաժեշտ է թուլացնել հայ-ադրբեջանական լարվածությունը եւ կողմերի միջեւ երկխոսություն սկսել վերականգնելու բանակցությունները` միջազգային օրենքներին համապատասխան քաղաքական կայուն կարգավորման հասնելու համար, որպեսզի լուծվեն նաեւ հումանիտար եւ մարդու իրավունքների խնդիրները։
Նա ընդգծել է, որ խնդիրները լուծելու համար ԵԱՀԿ Մինսկի խումբը լավագույն ձեւաչափն է՝ հավելելով, որ լիովին աջակցում էհամանախագահների եւ իր ներկայացուցչի ջանքերին հակամարտության կարգավորման համար։
Լինդեն նշել է, որ Ռուսաստանը ակտիվ դեր է խաղում տարբեր ոլորտներում, օրինակ`Լեռնային Ղարաբաղի հարցում՝ ընդգծելով, որ փաստացիորեն Ռուսաստանը կարողացավ հասնել կրակի դադարեցմանը։
Նա հայտարարել է, որ կցանկանար՝ ուշադրությունը կենտրոնացվեր ոչ միայն երկու հազար ռուսաստանցի զինծառայողների տեղակայմանը, այլեւ՝ ԵԱՀԿ-ի եւ միջազգային հանրության դերակատարության վերահաստատմանը: Անն Լինդեն հույս է հայտնել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները առաջընթացի կհասնեն եւ հանդես կգան ստեղծարար առաջարկներով։