Ռուս-հայկական դաշնակցային համագործակցությանը, այդ թվում՝ ՀԱՊԿ շրջանակում, իրական այլընտրանք չկա։ Այս մասին ռուսական «Իզվեստիա»-ի հետ զրույցում ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
«Ռուսաստանը հավատարիմ է մնում իր պարտավորություններին` ապահովելու Հայաստանի անվտանգությունը ինչպես երկկողմ ձեւաչափով, այնպես էլ ՀԱՊԿ-ի միջոցով»,- ասել է դեսպանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները սառեցրած Երեւանը նոյմբերի 28-ին կմասնակցի կառույցի Անվտանգության խորհրդի աշխատանքներին։
Կոպիրկինն ընդգծել է, որ Մոսկվան նաեւ ակնկալում է հայ գործընկերների ակտիվ «ներգրավվածությունը Եվրասիական մայրցամաքում հավասար անվտանգության համակարգի մշակման ջանքերին», որի գաղափարն առաջ է քաշել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը այս տարվա հունիսի 14-ին ՌԴ ԱԳՆ ղեկավարության հետ կայացած հանդիպման ժամանակ եւ կրկին բարձրաձայնել վերջերս Կազանում կայացած BRICS-ի գագաթնաժողովի ընթացքում։
Պատասխանելով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ Ռուսաստատնի աջակցությամբ խաղաղության հաստատման հավանականության մասին հարցին՝ դեսպանը նշել է․ «Որպես կանոն, ցանկացած խաղաղության պայմանագրի նախապատրաստումը տքնաջան եւ շատ պատասխանատու գործընթաց է։ Իհարկե, Մոսկվայում շահագրգռված են, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ որքան հնարավոր է շուտ խաղաղություն հաստատվի։ Միեւնույն ժամանակ, կարեւոր է, որ տարածաշրջանի համար ճակատագրական այս փաստաթուղթը հիմնված լինի բոլոր փոխադարձ մտահոգությունների արդարացի կարգավորման վրա»։
Կոպիրկինը նշել է, որ Մոսկվան միշտ պատրաստ է երկկողմ հարաբերությունների կարգավորման հարցում աջակցություն ցուցաբերելու Երեւանին եւ Բաքվին՝ հետեւելով Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ 2020-2022 թվականների եռակողմ համաձայնագրերին։
«Նման օգնության ձեւերն ու ծավալները պետք է ընտրեն իրենք՝ բանակցող կողմերը։ Այս առումով մենք ուրախ ենք, որ հոկտեմբերի 24-ին Կազանում կայացած BRICS-ի գագաթնաժողովում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ամենաբարձր մակարդակով արդյունավետ շփումներ տեղի ունեցան, ինչը հնարավորություն տվեց օգտակար ազդակ հաղորդելու հարաբերությունների կարգավորման երկխոսությանը»,- ասել է դիվանագետը։