Իսրայելը եւ «Հեզբոլլահ» շարժումը մոտ են Լիբանանում հրադադարի հաստատմանը։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում կատարելով բարձրաստիճան աղբյուրին։
Զրուցակցի խոսքերով՝ կողմերը «շատ մոտ են» հրադադարի համաձայնությանը՝ չնայած Լիբանանում իսրայելական հարձակումների աճին։ «Մենք շարժվում ենք այս ուղղությամբ, բայց դեռ կան որոշ հարցեր, որոնք պետք է լուծվեն»,- հեռուստաալիքին ասել է իսրայելցի պաշտոնյան:
Ավելի վաղ իսրայելական Ynet լրատվական հարթակը հայտնել էր, որ Իսրայելը նախնական հավանություն է տվել Լիբանանում Հեզբոլլահի հետ առաջարկվող զինադադարի համաձայնագրին, որն այժմ սպասում է կառավարության վերջնական հաստատմանը։
Հարթակի հաղորդմամբ՝ տարածաշրջանում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հատուկ բանագնաց Ամոս Հոխշտեյնը նոյեմբերի 24-ի երեկոյան Լիբանանի պաշտոնյաներին տեղեկացրել է Իսրայելի որոշման մասին։
Axios-ի լրագրող Բարաք Ռավիդն էլ, հղում կատարելով աղբյուրին, X-ում գրել էր, որ Հոխշտեյնը Իսրայելի իշխանություններին սպառնացել է դադարեցնել միջնորդական ջանքերը, եթե հրեական պետությունը արագորեն չհամաձայնի Լիբանանում հրադադարի հաստատման առաջարկներին:
Նոյեմբերի 20-ին Վաշինգտոնի բանագնացն ասել էր, որ լիբանանա-իսրայելական սահմանին հրադադարի շուրջ բանակցություններն ընթանում են կառուցողական կերպով։ Նա նաեւ նշել էր, որ Իսրայելում քննարկելու է համաձայնագրի ԱՄՆ առաջարկները։
Լիբանանյան Al Nahar թերթը գրում է, որ այդ փաստաթղթով հաստատել է 60-օրյա անցումային շրջան, որի ընթացքում զինադադար կհաստատվի Իսրայելի եւ «Հեզբոլլահ»-ի միջեւ, որի ընթացքում իսրայելական բանակը աստիճանաբար դուրս կբերվի Լիբանանի տարածքից։ Նաեւ նշվում է, որ Իսրայելի պաշտպանության բանակը կտեղակայվի հարավային Լիբանանի սահմանային շրջաններում՝ Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի աջակցությամբ:
Հիշեցնենք, իրավիճակը լիբանանա-իսրայելական սահմանին լարվեց 2023 թվականի հոկտեմբերի 7-ին՝ Գազայի հատվածից Իսրայելի տարածք պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման մարտիկների ներթափանցումից հետո։ Հարձակման հետեւանքով այդ օրը սպանվեց 1,2 հազար իսրայելցի, եւ պատանդ տարվեց ավելի քան 200 մարդ։ Ի վերջո Իսրայելի պաշտպանության բանակը սկսեց Գազայի շրջափակումն ու զանգվածային ռմբակոծությունները, որոնց կարճ ժամանակ անց հաջորդեցին լայնածավալ ցամաքային գործողությունները:
Գազայում գործող առողջապահության նախարարության վերջին տվյալներով համակարտության սկզբից ի վեր զոհերի թիվը հասնում է արդեն 44 հազարի։
Ռազմական գործողությունների մեկնարկից հետո «Հեզբոլլահը» հայտարարեց ՀԱՄԱՍ-ին աջակցելու եւ, պաղեստինցիների հետ որպես համերաշխության նշան, Իսրայելի հյուսիսային շրջաններում տեղակայված ռազմական բազաների ռմբակոծությունների մասին։ Հաճախակի դարձած գնդակոծությունների հետեւանքով Իսրայելի հյուսիսային շրջաններից տարհանվում է շուրջ 80 հազար բնակիչ։ Ի պատասխան՝ Իսրայելի պաշտպանության բանակը սկսում է օդային եւ հրթիռային հարվածներ հասցնել Լիբանանի հարավում տեղակայված «Հեզբոլլահի» հենակետերին։ Սպանվում են շարժման մի շարք բարձրաստիճան առաջնորդներ, այդ թվում՝ ռազմական հարցերով գլխավոր քարտուղարի ավագ խորհրդական Ֆուադ Շուքրը։
Սեպտեմբերի 23-ին Իսրայելը հայտարարեց «Հյուսիսի նետեր» «կանխարգելիչ հարձակողական գործողության» մեկնարկի մասին, որի շրջանակում Իսրայելի պաշտպանության բանակը զանգվածային ավիահարվածներ հասցրեց «Հեզբոլլահի» ռազմական ենթակառուցվածքներին։ Այս հարձակումների հետեւանքով ավելի քան 1,5 հազար մարդ է զոհվել, իսկ տեղահանվածների թիվը հասել է 500 հազարի։
Իսրայելական պաշտպանության բանակը հայտարարել է, որ գործողություններն «ուղղված են Իսրայելի հյուսիսային շրջանների բնակիչների վերադարձի համար պայմաններ ստեղծելուն»։
Իրավիճակն էլ ավելի լարվեց, երբ սեպտեմբերի 28-ի գիշերը իսրայելական ավիահարվածների հետեւանքով սպանվեց «Հեզբոլլահի» գլխավոր քարտուղար Հասան Նասրալլահը։