Բաքվում կայացած կլիմայի փոփոխության վերաբերյալ ՄԱԿ-ի ամենամյա համաժողովի՝ COP29-ի մասնակիցները վերջնական համաձայնագիր ստորագրեցին։ Սակայն դժգոհ են մնացել աղքատ երկրները։
Գագաթնաժողովը պաշտոնապես ավարտվել է ուրբաթ՝ նոյեմբերի 22-ին, սակայն զարգացող երկրներին կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար ֆինանսավորման շուրջ համաձայնություն ձեռք է բերվել միայն կիրակի։ Զարգացած երկրներն առաջարկել են մինչեւ 2035 թվականը զարգացող երկրներին վճարել տարեկան 300 միլիարդ դոլար՝ կլիմայի փոփոխության հետեւանքների դեմ պայքարելու եւ կանաչ էներգիային անցնելու համար:
Սա երեք անգամ ավելի մեծ է, քան ներկա պահին հատկացվողը, բայց այն վրդովել է աղքատ երկրներին: Նրանք պահանջել են տարեկան 1,3 տրիլիոն դոլար եւ զարգացող տնտեսությունների ցանկի վերանայում, որում դեռ ներառված են Չինաստանն ու Հնդկաստանը։
Ի վերջո որոշվեց, որ աղքատ երկրները կստանան պահանջվող գումարը, բայց՝ հարուստ երկրներից դրամաշնորհների եւ ցածր տոկոսադրույքներով վարկերի տեսքով, որն ընդհանուր կկազմի 300 մլրդ դոլար։ Մնացած գումարը պետք է հատկացվի մասնավոր ներդրողներից եւ ֆինանսական այլ աղբյուրներից, ինչպիսիք, օրինակ, կարող են լինել օգտակար հանածոների համար հավաքված կամ հաճախ թռչող ճանապարհորդներից գանձված միջոցները։ Այս գանձումները դեռեւս մանրակրկիտ համաձայնեցնելու անհրաժեշտություն կա։
Գործարքից դժգոհներն այն անվանեցին «դավաճանություն» եւ «վիրավորանք»։ Շատ զարգացող երկրներ արդեն զգում են կլիմայական փոփոխությունների հետեւանքները, նրանք լուրջ խնդիրների են բախվել երաշտների, ջրհեղեղների, ջերմային ալիքների եւ ծովի մակարդակի բարձրացման պատճառով։ Գլոբալ տաքացման հիմնական գործոններից են ջերմոցային գազերի արտանետումները, որ հիմնականում տեղի են ունենում զարգացած երկրներում։ Այդ արտանետումները նվազեցնելու համար COP29-ի մասնակիցները համաձայնություն ձեռք բերեցին խթանելու, այսպես կոչված, «ածխածնի շուկան», այն է՝ ածխածնի քվոտաների միջազգային առեւտուրը, որն ունի նաեւ իր թերությունները: