Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը չի մասնակցելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արտաքին գործերի նախարարների, պաշտպանության նախարարների եւ անվտանգության խորհրդի քարտուղարների հանձնաժողովի համատեղ նիստին։ Այդ մասին գրում է «Արմենպրեսը»՝ նշելով, որ տեղեկությունը հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։
ՀԱՊԿ ԱԳ նախարարների, պաշտպանության նախարարների եւ ԱԽ քարտուղարների հանձնաժողովի համատեղ նիստը կայանալու է նոյեմբերի 28-ին Աստանայում։
Նիստին մասնակցելու են ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբետովը եւ միացյալ շտաբի ղեկավար Անդրեյ Սերդյուկովը։
Հիշեցնենք, որ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը, նախօրեին ռուսական «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում պատասխանելով Աստանայում սպասվող նիստերին հայկական կողմի մասնակցության մասին հարցին, հայտարարել էր թե Ռուս-հայկական դաշնակցային համագործակցությանը, այդ թվում՝ ՀԱՊԿ շրջանակում, իրական այլընտրանք չկա։
Հիշեցնենք, որ մի կողմից՝ Հայաստան-Ռուսաստան, մյուս կողմից՝ Հայաստան-ՀԱՊԿ հարաբերությունները լարվեցին հատկապես 2022 թվականի սեպտեմբերի 12-13-ից հետո, երբ ադրբեջանական բանակը մի քանի ուղղություններով լայանածավալ հարձակում սկսեց Հայաստանի դեմ եւ որոշ շրջաններ օկուպացրեց։ Չնայած Երեւանի պահանջներին՝ ՀԱՊԿ-ը մինչ օրս չի դատապարտել Հայաստանի դեմ հարձակումը եւ չի արձանագրել օկուպացիայի փաստը։ Փոխարենը դաշինքը առաջարկել է դիտորդներ տեղակայել սահմանին, որը Երեւանը մերժել է։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս տարվա փետրվարին հայտարարեց, որ Երեւանը գործնականում սառեցրել է մասնակցությունը ՀԱՊԿ-ին։ Արդեն սեպտեմբերին վարչապետը հայտարարեց, որ կառույցը Հայաստանի անվտանգության, հետագա գոյության, ինքնիշխանության եւ պետականության համար սպառնալիքներ է ստեղծում։