Վաշինգտոնն առաջին անգամ պաշտոնապես հաստատել է, որ Կիեւին թույլատրել է ամերիկյան ATACMS հեռահար հրթիռներով հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքին։ Այդ մասին երկուշաբթի կայացած ճեպազրույցում ասել է Սպիտակ տան ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։
«Անհետաձգելի իրավիճակներում այժմ նրանք ATACMS-ն օգտագործելու հնարավորություն ունեն ինքնապաշտպանության համար: Եվ հենց հիմա դա տեղի է ունենում Կուրսկի եւ Կուրսկի մարզի մերձակայքում»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 17-ին ամերիկյան եւ եվրոպական բազմաթիվ լրատվամիջոցներ հայտնեցին, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը թույլատրել է ուկրաինացի զինվորականների կողմից ATACMS հրթիռների կիրառումը՝ Ռուսաստանի Կուրսկի մարզում գործողություններ իրականացնող ստորաբաժանումներին պաշտպանելու համար։ Ինչպես նշում է The New York Times-ը, Վաշինգտոնի այս որոշումը պայմանավորված է Կուրսկում հյուսիսկորեական զորքերի տեղակայմանն ի պատասխան։
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Բրայան Նիկոլսն էլ նոյեմբերի 19-ին փաստացի հաստատել է, որ Վաշինգտոնը Ուկրաինային թույլատրել է հարձակվել Ռուսաստանի տարածքի խորքերում տեղակայված թիրախների վրա՝ օգտագործելով ATACMS հրթիռները։
Ավելի ուշ «РБК-Украина»-ն, հղում կատարելով ուկրաինական բանակի իր աղբյուրին, հայտնել էր, որ հարձակումն իրականացվել է ATACMS հրթիռներով Կարաչեւ քաղաքի մոտ գտնվող զինամթերքի պահեստի վրա։ Լրատվականի փոխանցմամբ՝ սա առաջին դեպքն էր, երբ ուկրաինացի զինվորականները հեռահար հրթիռներ էին կիրառել ՌԴ տարածքում տեղակայված թիրախներին հարվածելու համար։
ՌԴ պաշտպանության նախարարությունը նույնպես հաստատել էր, որ նոյեմբերի 19-ի գիշերը Ուկրաինայի զինված ուժերը 6 հեռահար ATACMS հրթիռներ են արձակել Բրյանսկի մարզում գտնվող ռազմական օբյեկտի վրա։
Նոյեմբերի 20-ին էլ թե՛ ռուսական եւ թե՛ արեւմտյան լրատվամիջոցները հայտնեցին, որ ուկրաինական բանակը բրիտանական «Storm Shadow» հրթիռներով հարվածել էր Ռուսաստանի Բրյանսկի շրջանի ռազմական օբյեկտներին։