Վրաստանի հաջորդ՝ 6-րդ նախագահի ընտրությունը հավանաբար կկայանա դեկտեմբերի 14-ին։ Նորընտիր չլեգիտիմացված խորհրդարանը բանաձեւի նախագիծը լիագումար նիստում կքվեարկի այսօր՝ նոյեմբերի 26-ին։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ խորհրդարանը միակուսակցական է, կարելի է ենթադրել, որ «Վրացական երազանք»-ի չլեգիտիմացված 89 պատգամավորները կողմ կքվեարկեն բանաձեւին:
Նախագիծը ներկայացրել է Վրաստանի չլեգիտիմացված խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։ Նրա խոսքով՝ նույն որոշմամբ դեկտեմբերի 29-ը սահմանվել է երդմնակալության օր։
«Վրաստանի Սահմանադրության համաձայն, երբ խորհրդարանական ընտրությունները համընկնում են նախագահական ընտրություններին, այդ դեպքում նախագահական ընտրությունները պետք է անցկացվեն (խորհրդարանական ընտրություններից հետո — հեղ.) առավելագույնը 45 օր հետո։ Դրանից բացի, որպեսզի նախագահն ընտրվի 5 տարի ժամկետով, կարեւոր է, որ թե՛ ընտրությունները, թե՛ երդմնակալությունը տեղի ունենան այս տարի։ Հակառակ դեպքում Սահմանադրության դրույթը, որը վերաբերում է 5 տարի ժամկետին, չի կատարվի, եւ իրականում կունենանք 6 տարով ընտրված նախագահ»,- ասել է Պապուաշվիլին։
Ի դեպ, այս տարի Վրաստանի բնակչությունն առաջին անգամ չի ընտրի Վրաստանի նախագահին ուղղակի՝ ընտրությունների միջոցով։ Փոխարենը նախագահին կընտրի ընտրական կոլեգիան, որը ներառում է 300 մարդ՝ Վրաստանի խորհրդարանի բոլոր անդամները (150 պատգամավոր), Աբխազիայի Գերագույն խորհրդի բոլոր անդամները (20 պատգամավոր), Աջարիայի Գերագույն խորհրդի բոլոր անդամները ( 21 պատգամավոր) եւ 109 մարդ քաղաքային խորհուրդներից։
Վրաստանի ապագա նախագահը կընտրվի 5 տարի ժամկետով։ Նախագահի թեկնածու առաջադրելու իրավունք ունի ընտրական կոլեգիայի ոչ պակաս, քան 30 անդամ։ Յուրաքանչյուր պատվիրակ պետք է առաջադրի եւ քվեարկի միայն մեկ անդամի՝ որպես նախագահի թեկնածուի։ Ընտրությունը կանցկացվի խորհրդարանում:
Նախագահ ընտրելու համար անհրաժեշտ է 200 ձայն։ Եթե թեկնածուներից ոչ մեկը չհավաքի 200 ձայն, ապա կանցկացվի երկրորդ փուլ, որին կմասնակցեն լավագույն արդյունք գրանցած երկու թեկնածուները։ Ավելի շատ ձայներ հավաքած թեկնածուն կդառնա 6-րդ նախագահը:
Վրաստանի 5-րդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ժողովրդի կողմից ընտրված վերջին նախագահն է: Նա պաշտոնապես ներկայացվել է որպես «անկախ թեկնածու», թեեւ նրան սատարում էր իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը։
Նորայր Միսկարյան
ԱԼԻՔ ՄԵԴԻԱ ՎՐԱՍՏԱՆ