Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մակա Բոչորիշվիլիին Վրաստանի արտգործնախարար նշանակվելու կապակցությամբ։
«Ակնկալում ենք սերտ համագործակցություն Հայաստանի եւ Վրաստանի միջեւ ռազմավարական գործընկերության ամրապնդման, մեր ընդհանուր նպատակների առաջխաղացման եւ տարածաշրջանային կայունության ապահովման համար»,- նշվում է Միրզոյանի X-ի էջում հրապարակված գրառման մեջ։
Մեկ այլ գրառման մեջ էլ ՀՀ ԱԳ նախարարը բարձր է գնահատել Վրաստանի նախկին արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլիի ներդրումը Երեւանի եւ Թբիլիսիի հարաբերությունների ամրապնդման գործում, որն ուղղված է եղել նաեւ երկրների միջեւ ռազմավարական գործընկերության մասին հռչակագրի ստորագրմանը՝ հիմնված ընդհանուր արժեքների եւ ավելի ապահով ու խաղաղ տարածաշրջան ունենալու շահագրգռվածության վրա։
Հիշեցնենք, որ նախօրեին կայացել էր Վրաստանի նորընտիր խորհրդարանի 11-րդ գումարման առաջին նիստը, որի ընթացքում էլ հաստատվել էր վարչապետ Իրակլի Կոբախիձեի ներկայացրած նոր կառավարության կազմը։ Դրա համաձայն՝ Մակա Բոչորիշվիլիին փոխարինելու է արտգործնախարար Դարչիաշվիլին, Ռատի Բրեգաձեին՝ արդարադատության նախարար Անրի Օխանաշվիլին, իսկ Դավիթ Սոնղուլաշվիլին՝ բնապահպանության նախարար Օթար Շամուգիային։ Նոր խորհրդարանի նախագահ կրկին ընտրվել էր Շալվա Պապուաշվիլին։
Միեւնույն ժամանակ նոր գումարման խորհրդարանի օրինականությունը հրաժարվում են ճանաչելուց ինչպես ընդդիմությունը, այնպես էլ երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։ Որոշ իրավաբաններ եւ ընդդիմադիրներ կարծում են, որ մինչեւ Սահմանադրական դատարանի կողմից ընտրությունների հետ կապված հայցի քննության ավարտը պատգամավորների լիազորությունների ճանաչումն անօրինական է։
Վրաստանի խորհրդարանի կանոնակարգի 86-րդ հոդվածում ասվում է, որ «այն անձի ազգանունը, որի՝ պատգամավոր ընտրվելու օրինականությունը բողոքարկվում է Վրաստանի Սահմանադրական դատարանում կամ Վրաստանի Գլխավոր դատարանում, չի ներառվում պատգամավորների լիազորությունները ճանաչող խորհրդարանի որոշման մեջ»։
Երկրի արեւմտյան գործընկերները չշնորհավորեցին «Վրացական երազանքին» հաղթանակի կապակցությամբ՝ կոչ անելով հետաքննել հնարավոր կեղծիքները եւ սպասելով, մասնավորապես, ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) վերջնական զեկույցին։