Աղքատությունը մարդկանց գլուխներում էր, հիմա էլ ծուլությամբ է պայմանավորված։ Երբ համադրում ենք որոշ ժամանակ առաջ վարչապետ Փաշինյանի արած հայտարարությունները աղքատության վերաբերյալ, այս պատկերն է ստացվում․ չէ՞ որ նա էր ասում՝ աղքատությունը մարդկանց գլուխներում է։ Կառավարության վերջին նիստի ժամանակ էլ անդրադարձավ աղքատությանը, գործազրկությանը, աշխատել-չաշխատելուն եւ «ավետելով», թե «աշխատունակ մարդուն պետք է հրաժարվենք որեւէ աջակցություն ցուցաբերել», ավելացրեց՝ «Աղքատությունը հնարավոր է հաղթահարել աշխատանքով. չկա այդպիսի տարբերակ, որ չաշխատես, ու աղքատությունը հաղթահարվի»։ Առաջին հայացքից թվում է, թե տրամաբանական եզրակացություն է սա, իսկ մի քիչ ավելի խորքային երբ նայում ես իրականությանը, ապա պարզ է դառնում, որ այդպես միայն թվում է։
Այսպիսով՝ 2023 թվականի տվյալներով, ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների, Հայաստանի բնակչության 23.7 տոկոսն աղքատ է։ Ծայրահեղ աղքատ է բնակչության 1.1 տոկոսը։ Պաշտոնապես նշվում է, թե 2022 թվականի համեմատ աղքատության մակարդակը կրճատվել է 1.1 տոկոսային կետով, իսկ ծայրահեղ աղքատությունը՝ 0.1 տոկոսային կետով։ Հենց այս թվերն էլ թմբկահարում են Կառավարության ամենատարբեր աստիճանի ներկայացուցիչներ եւ պարծենում, որ աղքատությունը նվազեցնում են։ Հիմա նայենք հարցին իրականության դիտանկյունից։ Իսկ իրականում պարզվում է, որ աղքատությունը ոչ միայն չի նվազել, դեռ մի բան էլ ավելացել է, ու սա էլ բացառապես պաշտոնական տվյալներով։
Որովհետեւ աղքատության իրական մակարդակը Հայաստանում ոչ թե 23.7 տոկոս է, այլ 42.6 տոկոս։ Այլ կերպ ասած, Հայաստանի բնակչության գրեթե կեսը՝ մոտ 1,3 միլիոն մարդ, պաշտոնապես համարվում է աղքատ, եթե հաշվի առնենք հոկտեմբերի 1-ի դրությամբ Վիճակագրական կոմիտեի հրապարակած Հայաստանի բնակչության մոտ 3 միլիոն 67 հազար պաշտոնական թվաքանակը։ Այստեղ ոչ մի տարօրինակ բան էլ չկա։ Որովհետեւ 2019 թվականից սկսած՝ աղքատության գնահատումը կատարվում է նոր մեթոդաբանությամբ, եւ պաշտոնապես հայտարարվում է աղքատության ցուցանիշը՝ ըստ միջին գծի։ Նշված համատեքստում բացարձակ աղքատությունը տնային տնտեսությունների որոշակի կենսամակարդակի ընդունելի նվազագույնի ապահովման անկարողությունն է: Հայաստանի բնակչությունը, ըստ աղքատության կարգավիճակի, բաժանվում է աղքատ եւ ոչ աղքատ տնային տնտեսությունների: Աղքատներն իրենց հերթին ներառում են չափավոր, շատ աղքատ, նրանց թվում` ծայրահեղ աղքատներին:
Ըստ վերին գծի՝ աղքատ են գնահատվել նրանք, որոնց սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության վերին գծից, չափավոր (կամ շատ) աղքատ են գնահատվել նրանք, որոնց սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության ստորին գծից, ծայրահեղ աղքատ կամ թերսնված գնահատվել են նրանք, որոնց սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության պարենային գծից։
Ըստ այդմ՝ 2023 թվականին աղքատության վերին գիծ է սահմանվել ամսական 57,744 դրամը, իսկ դրանից ցածր եկամուտներ ունեցողները այսպես թե այնպես համարվել են աղքատ. այս դեպքում՝ 42.6 տոկոսը կամ մոտ 1.3 միլիոն քաղաքացի։ Ընդ որում՝ այստեղ ներառվում են ինչպես սնունդն ու կենցաղային ապրանքները, այնպես էլ կոմունալ վճարները, տրանսպորտը, բժշկական ծախսերը եւ այլն։ Օրինակ՝ 2023 թվականի տվյալներով՝ ՀՀ ազգաբնակչության 15․9 տոկոսը կամ 475 հազար 833 անձ կենսաթոշակառուներն են, իսկ կենսաթոշակի միջին չափը ՀՀ-ում, 2023 թվականի տվյալներով, կազմել է 49 հազար 605 դրամ։ Ազգաբնակչության եւս 6,2 տոկոսը՝ 184 հազար 77-ը, հաշմանդամություն ունեցող անձինք են։ Նրանց թոշակն էլ կենսաթոշակի չափ է։ Ուստի այս բոլոր մարդիկ, անգամ պաշտոնական մեթոդաբանությամբ, աղքատ են։
Իսկ աղքատության միջին գիծն իրականում պարզապես աղքատության վերին եւ ստորին գծերի միջինացված ցուցանիշն է, որը որեւէ կերպ չի փոխում մարդկանց սոցիալական վիճակը եւ նրանց չի դարձնում ապահովված։
Այսպիսով՝ հասարակության իրական սոցիալական պատկերը բնութագրելու համար արձանագրենք, որ աղքատ է ոչ թե բնակչության 23.7 տոկոսը, այլ 42.6 տոկոսը։ Ընդ որում՝ պարզվում է, որ իրականում Հայաստանում աղքատության մակարդակը ոչ թե նվազել է, այլ մի բան էլ բարձրացել, որովհետեւ աղքատության վերին գիծը, որը 2023-ին հասել է 42.6 տոկոսի, 2022-ին 41.3 տոկոս է եղել։
Բայց այստեղ եւս մի «աննշան» նրբություն կա։ Գոյություն ունի «նվազագույն սպառողական զամբյուղ» հասկացությունը, որը 2024 թվականի 2-րդ եռամսյակի տվյալներով, միջին ընթացիկ գներով կազմել է 77 հազար 65 դրամ։ Այսինքն՝ ավելի տրամաբանական կլինի, որ աղքատ համարվեն բոլոր նրանք, ովքեր նվազագույն սպառողական զամբյուղից ցածր եկամուտներ ունեն։ Այդ պարագայում պատկերն առավել մռայլ կստացվի, եւ կարող է պարզվել, որ ազգաբնակչության 60-70 կամ 80 տոկոսն է իրականում աղքատ։
Իսկ հաջորդ տարի պատկերն ավելի սահմռկեցուցիչ է լինելու։ Հաջորդ տարվա սկզբից Երեւանի քաղաքային տրանսպորտը 2-3 անգամ կթանկանա։ Շարունակաբար ավելանում է գույքահարկը, քանի որ 2021 թվականի հունվարի 1-ից անշարժ գույքի համար գանձվող հարկը՝ գույքահարկը, հաշվարկվում է տվյալ գույքի ոչ թե կադաստրային, այլ շուկայականին մոտարկված արժեքի հիման վրա, ինչի հետեւանքով տարեցտարի ավելանում է անշարժ գույքի հարկը։ Նախկինում մինչեւ 3 մլն կադաստրային արժեքով բնակարանների համար չէին վճարում գույքահարկ, հիմա այդ սահմանափակումը վերացել է, եւ եթե վարչական շրջանների մեծ մասում բնակարանների 70 տոկոսի համար մինչեւ 2021 թվականը գույքահարկ չէին վճարում, որովհետեւ կադաստրային արժեքից ցածր էին, ապա հիմա վճարում են, եւ տարեցտարի՝ ավելի շատ։
Իբր այս ամենը քիչ էր, հաջորդ տարեսկզբից հարկային մոտեցումներն են փոխվելու՝ ավելացնելով հատկապես փոքր ու միջին բիզնեսի, տնտեսվարողների հարկային բեռը։ Իսկ հարկային բեռի ավելացումները, որպես կանոն, ազդում են ապրանքների ռւ ծառայությունների գների վրա՝ թանկացման միտումով։ Այս ամենին հավելենք նաեւ, որ թոշակների, նպաստների ավելացում հաջորդ տարվա բյուջեով չի նախատեսվում, եւ պատկերը որոշակիորեն կամբողջանա։
Գեւորգ Ավչյան