Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը պնդում է, որ Արեւմուտքը փորձում է գունավոր հեղափոխություն կազմակերպել Վրաստանում։
«Հավաքական Արեւմուտքը ներքին հակամարտություններ է հրահրում, լարվածության օջախներ ստեղծում եւ չի խորշում տարբեր կեղտոտ աշխարհաքաղաքական տեխնոլոգիաներ կիրառելուց, որը ներառում է լայնածավալ տեղեկատվական պատերազմների կազմակերպումից մինչեւ ուղղակի գունավոր հեղափոխությունների սանձազերծում, ինչպես հիմա փորձում են անել Վրաստանում»,- ասել է Լավրովը՝ ելույթ ունենալով ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների եւ հետախուզական ծառայությունների ղեկավարների 20-րդ հանդիպմանը։
Նույն հանդիպմանը ՌԴ արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինն էլ հայտարարել է, որ Ռուսաստանը հուսով է, որ Վրաստանում գունավոր հեղափոխություն կազմակերպելու Արեւմուտքի փորձերը ձախողվելու են։
«Թբիլիսին այսօր կանգնած է գունավոր հեղափոխության հերթական փորձի առաջ, այսինքն՝ պետական հեղաշրջման փորձի առաջ։ Հուսանք, որ այն կձախողվի, ինչպես նախկինում ձախողվեցին Բելառուսն ու Ղազախստանը խարխլելու արեւմտյան ամբարտավան փորձերը»,- ասել է Նարիշկինը։
Նա հավելել է, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը «հեռացել է ուլտրաազատական օրակարգից եւ հանդես է եկել ի պաշտպանություն վրացական հասարակության ազգային շահերի, ավանդույթների եւ արժեքների»։
Վրաստանում նախորդ ամիս կայացած խորհրդարանական ընտրություններից առաջ էլ Նարիշկինը վստահություն էր հայտնել, որ Վրաստանի ժողովուրդը կկատարի «ճիշտ եւ ճշգրիտ ընտրություն»՝ չնայած Արեւմուտքի՝ երկրի ներքին գործերին միջամտելու փորձերին։