Հունաստանը պատրաստվում է Հայաստանին փոխանցելու «С-300» հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգ եւ ռուսական արտադրության եւս երկու այլ զինատեսակներ, որոնք օգտագործվել են երկրի հակաօդային պաշտպանության համար։ Այդ մասին հայտնում է ռուսական ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում կատարելով հունական Enikos հարթակին։
Հաղորդվում է, որ Հունաստանի զինված ուժերի ղեկավարությունը վճռական է տրամադրված հունական ռազմական զինանոցից դուրս բերելու ռուսական զենքի համակարգերը եւ արմատապես փոխարինելու հին համակարգերը նոր արեւմտյան տեխնոլոգիաներով։ Հարթակի հաղորդմամբ՝ «Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբը Հայաստանին ռուսական արտադրության սպառազինության համակարգեր տրամադրելու առաջնային փուլում է»։
Enikos-ը նշում է, որ «նախկինում ենթադրվում էր, որ այդ համակարգերը կարող են փոխանցվել Ուկրաինային, սակայն Գլխավոր շտաբը դիտարկում է այլ՝ ոչ պակաս շահավետ այլընտրանքներ»։ Հարթակը հավելում է, որ առկա տեղեկատվության համաձայն՝ «Հայաստանի պաշտպանության ուժեղացումը զուտ հունական նախաձեռնություն չէ, այլ Ֆրանսիայի հետ համագործակցության արդյունք, որը նույնպես կնպաստի այս երկրի սպառազինմանը»։
Աթենքի համար Կիեւի փոխարեն Երեւանի հզորացումը ռազմավարական ընտրություն է բազմաթիվ պատճառներով, առաջին հերթին՝ դաշնակցային շատ սերտ կապերի, նորագույն պատմության ընդհանուր ջանքերի, ինչպես նաեւ ընդհանուր կրոնական համոզմունքների։ Բացի այդ՝ ուժեղ Հայաստանը հակակշիռ կարող է լինել Հունաստանի հետ հակասություններ ունեցող Թուրքիային, որն էլ իր հերթին բացահայտ ուժեղացնում է Ադրբեջանին, եզրակացնում է հարթակը։
Ըստ Enikos-ի՝ Աթենքը ռուսական զինատեսակները պատրաստվում է փոխարինելու իսրայելական արտադրության զենիթահրթիռային համալիրներով, ինչպիսիք են, օրինակ՝ «David’s Sling»-ը՝ մինչեւ 300 կմ հեռահարության բալիստիկ հրթիռներով, «Barak MX» հրթիռները՝ 35-ից մինչեւ 150 կմ հեռահարությամբ, եւ «Spyder» համակարգերը՝ 20-50 կիլոմետր հեռահարությամբ։
Հարթակը, մեջբերելով աղբյուրներին, նշել է, որ Հունաստանը «չի պատրաստվում այդ համակարգերը տրամադրել անվճար եւ դրանք առանց այլ համակարգերով փոխարինելու»։ Հոդվածում նշվում է, որ Գլխավոր շտաբը մերժում է Հունաստանում տեղակայված զենքի համակարգերը Ուկրաինային այլ համակարգերի դիմաց ուղարկելու հեռանկարը երկու պատճառով։ Նախ՝ փոխանակման համար մատչելի զենքի համակարգեր չկան, ինչպես դա եղավ գերմանական «Marder 40» զրահափոխադրիչների դեպքում, որոնք փոխանցվեցին Հունաստանին խորհրդային արտադրության 40 «БМП-1»-ների փոխանակման համար։ Երկրորդ՝ ՆԱՏՕ-ն եւ ԵՄ-ն Ուկրաինային արդեն տրամադրել են արեւմտյան զինատեսակներ, եւ Ուկրաինայի համար արդեն ստեղծվել է դրանց պահեստամասերի մատակարարման շղթա։
Հայաստան տեղափոխվելիք զինատեսակների համակարգերը հիմնականում զենիթահրթիռային համալիրներ են եւ ներառված են ցամաքային ուժերի եւ օդուժի զինանոցում։ Ըստ հարթակի՝ այդ զինատեսակները С-300, «ТОР-М1» եւ «Оса-АКМ» ՀՕՊ համակարգերն են։