Լիբանանի եւ Իսրայելի միջեւ հրադադարի մասին համաձայնագիրը կարող է ուժի մեջ մտնել նոյեմբերի 27-ի գիշերը։ Այդ մասին հայտարարել է հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Աբդալլա Բու Հաբիբը։
«Մենք սպասում ենք Իսրայելի կառավարության նիստի արդյունքներին։ Ռազմական գործողությունները պետք է դադարեցվեն կեսգիշերին. հուսով ենք, որ մեզ կհաջողվի հասնել զինադադարի»,- Հաբիբի խոսքերը մեջբերում է Elnashra հարթակը։
Ավելի վաղ Al Jadeed հեռուստաալիքը հայտնել էր, որ նոյեմբերի 27-ին հրադադարի մասին մեծ հավանականությամբ կհայտարարի Լիբանանի վարչապետ Նաջիբ Միքաթին։ Ինքը՝ կառավարության ղեկավարը, հրաժարվել է այս տեղեկությունը հաստատելուց՝ նշելով, որ «նախընտրում է զերծ մնալ մեկնաբանություններից, քանի դեռ բանակցությունները շարունակվում են»։
Լիբանանը եւ Իսրայելը ԱՄՆ միջնորդությամբ քննարկում են հրադադարի մասին համաձայնագրի նախագիծը, որը նախատեսում է 60-օրյա անցումային շրջան, որի ընթացքում իսրայելական բանակը դուրս կգա հարավային Լիբանանից, իսկ լիբանանյան բանակը կտեղակայվի սահմանամերձ շրջաններում: Ինչ վերաբերում է «Հեզբոլլահին», ապա շիական շարժումը ստիպված կլինի իր կազմավորումներն ու ծանր զինատեսակները տեղափոխել Լիտանի գետից հյուսիս՝ միջպետական սահմանից 30 կմ հեռավորության վրա։
Ինչպես հայտնել է Բու Հաբիբը, գործարքի շրջանակում Լիբանանի իշխանությունները 5 հազար զինվորականի կուղարկեն հարավային սահման, որոնց կաջակցեն Լիբանանում տեղակայված ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերը (UNIFIL):