Սեւրի դաշնագիրն ու դրանից բխող ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճիռը շատ հայ պատմաբանների ու քաղաքական գործիչների, փորձագետների ու դիվանագետների համար շարունակում է մնալ որպես կարեւոր հաղթական փաստաթուղթ։ Դրանք հաճախ ներկայացվում են որպես իրավական լուրջ կռվան, որոնց հիմքով Հայաստանը կարող է տարածքային պահանջներ ներկայացնել Թուրքիային:
Վիլսոնի Իրավարար վճիռը մեկ անգամ հիշատակվել է անգամ Սերժ Սարգսյանի հրապարակային ելույթում, թեեւ նույն Սարգսյանն ու Հայաստան պետությունը 2009 թվականի հոկտեմբերին Ցյուրիխում ստորագրած երկու արձանագրություններով, որոնք, ի դեպ, պայմանագրեր են, վերահաստատել են, որ ճանաչում են ժամանակակից Թուրքիայի սահմանները: Թուրքիայի նկատմամբ Հայաստանի որեւէ կառավարություն տարածքային պահանջ չի ներկայացրել:
Համաշխարհային, մասնավորապես հայոց պատմությունը նաեւ, ցույց է տալիս, որ միայն իրավական փաստաթղթով հնարավոր չէ հող նվաճել: Այստեղ կարեւոր է մեկ այլ իրականություն, որը գիտակցաբար կամ չիմացությունից հայ պատմաբաններն ու քաղաքական գործիչները, փորձագետներն ու դիվանագետները մոռացության են տալիս:
1920 թվականի այս օրը՝ նոյեմբերի 27-ին, Հայաստանի Հանրապետությունը հրաժարվել է Սեւրի պայմանագրից։ Ճիշտ է, դա եղել է ռազմական ագրեսիայի պայմաններում, բայց եղել է։
Ահա տեքստը.
«Նկատի առնելով, որ Սեւրի դաշնագրով խախտվել են Թուրքիայի կենսական շահերը, որ նրա Ազգային մեծ ժողովի կառավարությունը ճանաչում է Հայաստանի Հանրապետության անկախությունը եւ հայտարարում է Հայաստանի տնտեսական զարգացման իրական երաշխիքներ տալու պատրաստակամություն՝ ցանկանալով երկու պետությունների փոխհարաբերություններում սկսել նոր դարաշրջան ու երկարատեւ դաշնագրով բարեկամական հարաբերություններ հաստատել, իր կառավարության անունից, պատասխանելով Թուրքիայի գրավոր առաջարկին, հայտարարում է, որ հրաժարվում է Սեւրի դաշնագրից»:
Սա է իրականությունը:
1920 թվականի վերջերին, երբ թուրք քեմալականներն ու ռուս բոլշեւիկները Բաքվից եկող Հայհեղկոմի անդամների հետ իրականացնում էին Հայաստանը խորհրդայնացնելու ծրագիրը, Հայաստանի Հանրապետության վերջին կառավարությունը՝ վարչապետ Սիմոն Վրացյան, հրաժարվել է Սեւրից:
Երբ 1920-ի նոյեմբերի վերջերին հրաժարական տվեց Համո Օհանջանյանի ՀՅԴ Բյուրո-կառավարությունը, երկրի վարչապետ դարձավ Սիմոն Վրացյանը: Այս ընթացքում քեմալականները Քյազիմ Կարաբեքիրի հրամանատարությամբ առաջ էին շարժվում դեպի Հայաստանի խորքը՝ Արարատյան դաշտ: Ընկել էր Կարսը, ապա՝ Սուրմալուն, իսկ հետո՝ նաեւ Ալեքսանդրապոլը (Գյումրի):
Հայկական կողմը ստիպված է լինում բանակցություններ սկսել Կարաբեքիրի հետ, որոնք կայանում են գրավյալ Ալեքսանդրապոլում:
Ալեքսանդրապոլի բանակցությունների հենց սկզբում թուրքերը հայերից պահանջում են հրաժարվել Սեւրի դաշնագրից: Նոյեմբերի 27-ին Ալեքսանդր Խատիսյանը, որը գլխավորում էր հայկական պատվիրակությունը, հեռախոսով վարչապետ Սիմոն Վրացյանին տեղեկացնում է. «Թուրքերի պահանջով պատվիրակությունը միաձայն որոշեց հրաժարվել Սեւրից: Մեր հայտարարությունը թուրքական պատվիրակությունն ընդունեց մեծ գոհունակությամբ եւ առաջարկեց անցնել սահմանների հարցին: Ես հայտարարեցի, որ մեր հիմնական ցանկությունն է` ելք դեպի ծով Բաթումի եւ Ռիզեի միջեւ, ամբողջ Ռուսական Հայաստանը, Վանի վիլայեթը եւ Բայազետի սանջակը»:
Կարաբեքիրը նոյեմբերի 30-ին տեղեկացնում է, որ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ սահմանագիծ է լինելու Արաքս գետը:
Ավելի վաղ՝ նոյեմբերի 24-ին, երբ Հայաստանի վարչապետ դարձավ Սիմոն Վրացյանը, նրա իսկ ստորագրությամբ հրապարակվում է կառավարության հռչակագիրը, որում մասնավորապես ասվում էր. «Հայաստանի պետական կառուցվածքը խարսխվելու է ոչ թե օտարների սին ու վտանգավոր ներշնչումներից, այլ Հայաստանի իրական կարողությունից: Մեր գործողության նշանաբանն է լինելու անկեղծ հաշտություն Թուրքիայի հետ եւ համերաշխություն ու խաղաղ գոյակցություն բոլոր հարեւանների հետ»:
Երկու տարի անց՝ 1922 թվականին, Վրացյանը ՀՅԴ Ամերիկայի շրջանի 29-րդ Պատգամավորական ժողովին հղած զեկուցագրում պիտի դառնությամբ խոստովաներ․ «Մաքսիմալիզմը, որի առանձնապես անզիջող ներկայացուցիչներ էին գաղութներից եկած ընկերները, գլխավոր պատճառը եղավ Հայաստանի գլխին եկած հետագա աղետների: Ընդհանուր ժողովը [նկատի ունի ՀՅԴ 9-րդ Ընդհանուր ժողովը, որը կայացել է Երեւանում 1919 թվականի սեպտեմբեր-հոկտեմբերին — Թ․ Հ․] չափից ավելի գերագնահատեց հայ ժողովրդի եւ ՀՅԴ-ի ուժերը, անտեղյակ կամ արհամարհող գտնվեց դեպի Հայաստանի շուրջը գտնվող ուժերը եւ չկարողացավ բավականաչափ գնահատել ո՛չ միջազգային կացությունը, ո՛չ էլ հայ հասարակական ուժերի փոխհարաբերությունները… Թե մեր հարևանների եւ թե, մասնավորապես, Թուրքիայի հետ բարեկամական հարաբերություններ հաստատելու պահանջի խնդրում ճակատագրական նշանակություն ունեցավ Ընդհանուր ժողովի որոշումը ծովից ծով Հայաստանի եւ Ղարաբաղի մասին: Այսօր, կարծես, այլեւս բոլորի կողմից ընդունված փաստ է, որ ծովից ծով Հայաստանի պահանջը առնվազն տղայամտություն էր: Նա ո՛չ միայն հնարավոր չէր միջազգային քաղաքական պատճառներով, այլև հայ ազգի ենթակայական պայմաններով: Անգամ, եթե կարելի էլ լիներ այդ սահմաններով Հայաստան ստանալ, մենք ի վիճակի չէինք լինի այն կազմակերպել ու կառավարել: Այդպիսի պետության մեջ հայերը պիտի լինեին փոքրամասնություն եւ կուլ գնային մահմեդական մեծամասնությանը»:
Անուղղակի կերպով Հայաստանը մի քանի անգամ հրաժարվել է Սեւրի դաշնագրից: 1921-ի հոկտեմբերին Խորհրդային Հայաստանը ստորագրեց Կարսի պայմանագիրը եւ ճանաչեց ժամանակակից Թուրքիայի սահմանները: 2009 թվականի հոկտեմբերին Ցյուրիխում ստորագրված երկու արձանագրություններով եւս մեկ անգամ վերահաստատեց, որ ճանաչում է ժամանակակից Թուրքիայի սահմանները:
Հայաստանի այսօրվա իշխանությունները ամեն առիթով հայտարարում են, որ Երեւանը Թուրքիայից չունի տարածքային որեւէ պահանջ:
Լրագրող, հրապարակախոս, պատմություն հետազոտող, որն առօրյա փաստերը, դրանց վրա հիմնված դատողություններն ու պատմական փորձառությունը հաջողությամբ միահյուսելով ստանում է ուրույն բովանդակություն։