Իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը երկրի նախագահի պաշտոնում առաջադրել է պատգամավոր, նախկին ֆուտբոլիստ Միխեիլ Կավելաշվիլիի թեկնածությունը։
«Ուրախ եմ հայտարարելու, որ կուսակցության քաղխորհրդի որոշման համաձայն՝ առաջադրում եմ Միխեիլ Կավելաշվիլիի թեկնածությունը Վրաստանի նախագահի պաշտոնում», — կուսակցության կենտրոնական գրասենյակում կայացած ճեպազրույցում ասել է «Վրացական երազանքի» հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին։
Ինչպես նշել է Իվանիշվիլին, դեռեւս իր քաղաքական կարիերայի մեկնարկից առաջ Կավելաշվիլին «անզիջում արտահայտել է իր սկզբունքային դիրքորոշումը երկրի համար կարեւոր բոլոր հարցերի վերաբերյալ»։ Ինչ վերաբերում է վերջին տարիներին, երբ նա եղել է խորհրդարանի անդամ, նախագահի թեկնածուն, ըստ Բիձինա Իվանիշվիլիի, «հսկայական ներդրում է ունեցել երկրի շահերի պաշտպանության եւ ինքնիշխանության ամրապնդման գործում»։
«Վրացական երազանքի» հիմնադիրը նաեւ վստահություն է հայտնել, որ Կավելաշվիլին «նախագահի ինստիտուտին կվերադարձնի ժամանակավորապես խլված պատիվը», իսկ դեկտեմբերի 29-ի երդմնակալությունից հետո «նախագահի կողմից դավաճանության պրակտիկան եւ նրա կողմից սահմանադրության համակարգված խախտումները, որոնք մեծ վնաս են հասցրել նախագահի ինստիտուտին, կմնան անցյալում»։ Ինչպես նշել է Իվանիշվիլին, Կավելաշվիլին ծառայելու է ոչ թե «օտար ուժին, այլ վրաց պետության եւ ժողովրդի շահերին»։
Միխեիլ Կավելաշվիլին ծնվել է 1971 թվականի հուլիսին Վրաստանի Բոլնիսի քաղաքում։ Ֆուտբոլային կարիերայի ընթացքում հանդես է եկել Թբիլիսիի «Դինամոյում», Վլադիկավկազի «Ալանիայում», անգլիական «Մանչեսթեր Սիթիում» եւ շվեյցարական «Գրասհոպեր», «Ցյուրիխ» եւ «Լյուցեռն» ակումբներում։ Նա խաղացել է նաեւ Վրաստանի հավաքականում։ 2016 թվականից Կավելաշվիլին իշխող կուսակցություն պատգամավոր է։
Նախօրեին՝ նոյեմբերի 26-ին, Վրաստանի նորընտիր խորհրդարանը հաստատեց նախագահական ընտրությունները դեկտեմբերի 14-ին, իսկ երդմնակալությունը դեկտեմբերի 29-ին նշանակելու մասին օրինագիծը։ Այսպիսով՝ Վրաստանի նախագահն առաջին անգամ չի ընտրվի համընդհանուր եւ համաժողովրդական քվեարկությամբ։ Պետության ղեկավարին ընտրելու է ընտրողների 300 հոգանոց հանձնաժողովը, որի կազմում կլինեն Վրաստանի խորհրդարանի բոլոր 150 պատգամավորները, Աջարիայի եւ Աբխազիայի Գերագույն խորհուրդների անդամներն ու տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները։
Վրաստանի նախագահի թեկնածու առաջադրելու իրավունք ունի ընտրական կոլեգիայի առնվազն 30 անդամ։
Վրացական ընդդիմության 61 պատգամավորներ, ենթադրաբար, չեն մասնակցի քվեարկությանը, քանի որ ընդդիմադիր կուսակցությունները չեն ճանաչում 11-րդ գումարման խորհրդարանի լեգիտիմությունը։ Պարզ չէ, թե արդյոք տեղական ինքնակառավարման մարմիններից ընդդիմության ներկայացուցիչները կմասնակցեն քվեարկությանը:
Նախագահական ընտրություններին մասնակցելուց հրաժարվելու մասին հայտարարել է միայն նախկին վարչապետ Գեորգի Գախարիայի «Հանուն Վրաստանի» ընդդիմադիր կուսակցությունը։
Վրաստանի ներկայիս նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին բացառության կարգով ընտրվել է 6 տարի ժամկետով 2018 թվականին՝ քաղաքացիների ուղղակի քվեարկությամբ։ Նախագահն այսուհետեւ կընտրվի հինգ տարի ժամկետով։