Իրանի փոխարտգործնախարար Մաջիդ Թախտ-Ռավանչին մեկնել է Օսլո՝ ԱՄՆ-ի հետ երկկողմ բանակցությունների մեկնարկի համար: Այս մասին հայտնում է իրանական «Ֆարիխթեգան» թերթը՝ հղում կատարելով իրազեկ աղբյուրին։
Թերթի զրուցակիցը նշել է, որ ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ ուղիղ երկխոսություն ձեւավորելու համար հիմքեր ստեղծելու առաջարկով հանդես է եկել Նորվեգիան։ Միեւնույն ժամանակ կասկածներ կան, թե արդյոք կողմերը իսկապես պայմաններ կստեղծեն երկկողմ բանակցությունների համար։
Նորվեգիայում Իրանի նախկին դեսպան Աբդալռեզա Ֆարջիրադը թերթի հետ զրույցում նշել է, որ փոխնախարարը հրավիրվել է Օսլո՝ պարզելու, թե արդյոք Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ երկխոսության։ «Ըստ ամենայնի [ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ] Թրամփը ցանկանում է ուղիղ բանակցություններ վարել Իրանի հետ: Նա շահագրգռված չէ Օմանի, Կատարի կամ Շվեյցարիայի միջոցով բանակցություններ վարելու։ Ըստ երեւույթին, նա ընտրել է նորվեգացիներին Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ կապ ստեղծելու համար»,- ասել է նախկին դեսպանը։
Արտաքին քաղաքականության մեկ այլ վերլուծաբան եւ Հորդանանում Իրանի նախկին դեսպան Նոսրատոլա Տաջիկի կարծիքով Թեհրանը չպետք է հուսա, որ եվրոպական երկրները, հատկապես Եվրաեռյակը (Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ Գերմանիան), կդառնան արդյունավետ միջնորդներ Վաշինգտոնի հետ բանակցություններում։ «Իհարկե, որոշ դեպքերում նրանք կարող են դրական դեր խաղալ։ [․․․] Սակայն Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի բանակցությունների ընթացքում, երբ թվում էր, թե Իրանը եւ ԱՄՆ-ը մոտենում են, եվրոպացիներն անմիջապես նյարդայնանում էին»,- ասել է Տաջիկին։
Նոյեմբերի 24-ին Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղայը հայտնել էր, որ նոյեմբերի 29-ին Ժնեւում կհանդիպեն Իրանի եւ Եվրաեռյակի փոխարտգործնախարարները՝ քննարկելու Իսլամական Հանրապետության եւ եվրոպական երկրների երկկողմ հարաբերություններին, ինչպես նաեւ Իրանի միջուկային ծրագրին վերաբերող մի շարք հարցեր։ Ինչպես հաղորդում է Donya-e-Eqtesad թերթը, Մաջիդ Թախտ-Ռավանչին, որը կներկայացնի Իսլամական Հանրապետությունը բանակցություններում, Ժնեւ կատարելիք այցից առաջ կայցելի Օսլո, որտեղ պետք է հանդիպի նաեւ եվրոպական երկրների ներկայացուցիչների հետ։