ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կոնգրեսին գաղտնի խնդրանք է ուղղել 24 միլիարդ դոլար հատկացնել Ուկրաինային օգնություն եւ զենք մատակարարելու համար։ Այդ մասին գրում է Politico-ն՝ հղում կատարելով լրագրողների ծանոթացած փաստաթղթերին։
Պարբերականի հաղորդմամբ՝ նշված գումարից 16 միլիարդը կուղղվի Ուկրաինային փոխանցված ամերիկյան զինատեսակների համալրմանը։ Մնացած 8 միլիարդն էլ առաջարկվում է տրամադրել Ուկրաինայի Անվտանգության աջակցության նախաձեռնությանը, որի շրջանակում Պենտագոնը պայմանագրեր է կնքում ռազմական տեխնիկան արտադրողների հետ, որի շնորհիվ Վաշինգտոնը իր սեփականի փոխարեն տեխնիկան ու սպառազինությունը տրամադրում է նրանց միջոցով։
Այս տեղեկությունները Politico-ին հաստատել են կոնգրեսականներից մեկի երկու օգնականները։ Նրանց փոխանցմամբ՝ Բայդենի խնդրանքը Կոնգրեսը ստացել է երեքշաբթի։
Բայդենի վարչակազմը ձգտում է հայտը ներառելու կառավարության ծախսերի ընդլայնված փաթեթում, որը նախատեսվում է քննարկել դեկտեմբերին: Politico-ն «ցածր» է գնահատում Կոնգրեսի կողմից խնդրանքի հաստատման հնարավորությունները:
The Wall Street Journal-ը գրում է, որ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո Բայդենի վարչակազմն արագացրել է Ուկրաինա ռազմական օգնություն ուղարկելու գործընթացները։ Սպիտակ տան պաշտոնյաները մտավախություն ունեն, որ նոր վարչակազմը կկրճատի մատակարարումները՝ փորձելով Ուկրաինային մղել անհավասար բանակցությունների։
Bloomberg-ը ամփոփելով գրում է, որ Ուկրաինային աջակցությունն ուժեղացնելու շրջանակում Բայդենն արդեն Կիեւին լիազորել է օգտագործել հեռահար ATACMS հրթիռները Ռուսաստանի տարածքում տեղակայված թիրախները խոցելու համար, թույլատրել է հակահետեւակային ականների մատակարարումը, չեղարկել է 4,65 միլիարդ դոլարի վարկի կեսը եւ պատժամիջոցներ է սահմանել «Գազպրոմբանկի» դեմ, որը, ըստ Վաշինգտոնի, Ռուսաստանն օգտագործում է ռազմական տեխնիկա գնելու համար։