Վրաստանի ընդդիմադիր «Կոալիցիա հանուն փոփոխությունների» դաշինքի անդամները, որոնք, ըստ ԿԸՀ-ի, 11-րդ գումարման խորհրդարանում ստացել են 19 մանդատ, դիմել են օրենսդիր մարմնին պատգամավորական մանդատներից հրաժարվելու դիմումներով։
Դաշինքը այլ ընդդիմադիր կուսակցությունների եւ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ ներկա խորհրդարանը համարում է ոչ լեգիտիմ, իսկ ընտրությունների արդյունքները՝ կեղծված։
«Այն, ինչ մենք անում ենք այսօր, չի նշանակում, որ հրաժարվում ենք ժողովրդի ներկայացուցչությունից, ընտրողների ներկայացվածությունից, փոփոխություն իրականացնելու մանդատից։ Ընդհակառակը։ Այն, ինչ հիմա անում ենք, նպատակաուղղված է, այսպես կոչված, խորհրդարանն ամբողջությամբ ապալեգիտիմացնելուն, որպեսզի իշխանություն կոչվածները այս շենքում եւ ընտրություններում մնան միայնակ»,- ասել է «Կոալիցիա հանուն փոփոխությունների» դաշինքի առաջնորդներից Նիկա Մելիան, որն իր համախոհների հետ խորհրդարանին է ներկայացրել մանդատից հրաժարվելու դիմումը։
Նշենք, որ ավելի վաղ «Կոալիցիա հանուն փոփոխությունների» դաշինքը, ինչպես նաեւ երկու այլ ընդդիմադիր կուսակցություններ՝ «Ուժեղ Վրաստանը» եւ «Միասնություն-Ազգային շարժումը», հայտարարություններ էին ներկայացրել ԿԸՀ՝ իրենց ընտրական ցուցակները չեղարկելու համար։ Սա նշանակում է, որ մանդատից հրաժարվող պատգամավորներին չեն կարող փոխարինել ցուցակում ներառված հաջորդ մարդիկ։
Ինչ վերաբերում է խորհրդարան անցած չորրորդ ընդդիմադիր կուսակցությանը՝ «Գախարիան Վրաստանի համար», ապա այն, ինչպես մյուս երեքը, չի ճանաչում ընտրությունների արդյունքները, սակայն չեն էլ հայտարարում մանդատներից հրաժարվելու մտադրության մասին։
Ընդդիմության առաջնորդներից մեկը՝ «Միասնություն-Ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչ Գեորգի Վաշաձեն, ավելի վաղ հայտարարել էր, որ էլեկտրոնային եղանակով հայտարարություն է ուղարկել խորհրդարան՝ մանդատից հրաժարվելու մասին։