Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելից ակնկալում է Լիբանանի եւ «Հեզբոլլահի» հետ հրադադարի համաձայնագրի պայմանների ամբողջական կատարում։
«Մենք քրտնաջան աշխատում ենք Ուկրաինայի եւ Մերձավոր Արեւելքի հակամարտություններին լուծումներ գտնելու համար։ Ուրախ ենք Իսրայելի եւ Լիբանանի միջեւ հրադադարի համաձայնագրի կյանքի կոչման համար, որն ուժի մեջ է մտել այսօր։ Ակնկալում ենք, որ բոլոր կողմերը եւ հատկապես Իսրայելը բառացիորեն կկատարեն խաղաղություն պահպանելու իրենց պարտավորությունները»,- ասել է Թուրքիայի նախագահը՝ ելույթ ունենալով խորհրդարանում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության խմբակցության նիստին։
Թուրքական կողմը, ինչպես նշել է Էրդողանը, «պատրաստ է ցանկացած ներդրում ունենալ Գազայի հատվածում ջարդերը դադարեցնելու եւ մշտական հրադադարի հաստատման գործում»։
Թուրքիայի ԱԳՆ-ն ավելի վաղ ողջունել է Իսրայելի եւ Լիբանանի միջեւ զինադադարի հաստատումը եւ հույս հայտնել, որ այն մշտական կլինի։ Միջազգային հանրությունը, ինչպես նշվում է գերատեսչությունում, «պետք է ճնշում գործադրի Իսրայելի վրա, որպեսզի նա խստորեն պահպանի հրադադարը եւ փոխհատուցի Լիբանանին հասցված վնասը»։
Լիբանանի եւ Իսրայելի միջեւ հրադադարի մասին համաձայնագիրը ուժի մեջ է մտել չորեքշաբթի՝ տեղական ժամանակով 04:00-ին, ԱՄՆ-Ֆրանսիական նախաձեռնության շնորհիվ։ Ինչպես հաղորդում է Al Nahar թերթը, փաստաթուղթը նախատեսում է Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի աջակցությամբ լիբանանյան բանակի ստորաբաժանումների աստիճանական տեղակայում հարավային սահմանի երկայնքով: Իր հերթին հրեական պետությունը կսկսի աստիճանաբար դուրս բերել իր զորքերը հարավային Լիբանանից։ Իսրայելական եւ լիբանանյան կողմերի հավանությամբ կստեղծվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 1701 բանաձեւի կատարման մշտադիտարկման հանձնաժողով, որում կընդգրկվեն Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան։ Միացյալ Նահանգները նաեւ կնպաստի անուղղակի բանակցություններին Իսրայելի եւ Լիբանանի միջեւ՝ սահմանային ընթացիկ խնդիրների լուծման համար: