Հայաստանը համաձայնել է Կապանում Ռուսաստանի հյուպատոսության բացմանը, սակայն համապատասխան քայլեր դեռ չի ձեռնարկել։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե արդյոք հստակ ժամկետներ կան հյուպատոսության բացման համար, եւ որոնք են ձգձգման պատճառները։
«Հայկական կողմը սկզբունքային համաձայնություն է տվել Սյունիքի մարզի Կապան քաղաքում ՌԴ գլխավոր հյուպատոսության բացմանը։ Ռուսական կողմը գլխավոր հյուպատոսի համար էկզեկվատուրա (հյուպատոսին այդ կարգավիճակում ճանաչող փաստաթուղթ, որը տրվում է ընդունող երկրի կողմից) է խնդրել։ Սպասում ենք պատասխանի։ Թե ինչու և որոնք են հայկական կողմից մեզ համապատասխան նյութեր չուղարկելու պատճառները, այդ հարցերով դիմեք Երևանին»,- ասել է Զախարովան։
Նշենք, որ նախորդ տարվա հոկտեմբերին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ Կապանում հյուպատոսության բացման հարցով Մոսկվան դիմել և ստացել է Երևանի համաձայնությունը։
Արդեն նոյեմբերի սկզբին էլ հայտնի դարձավ, որ Ռուսաստանի կառավարությունն էր հավանություն տվել Սյունիքի մարզկենտրոնում գլխավոր հյուպատոսություն բացելու ՌԴ արտգործնախարարության առաջարկին։
«Ընդունել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության առաջարկը՝ նոտաների փոխանակման միջոցով Ռուսաստանի Դաշնության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև Կապան քաղաքում Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոսություն ստեղծելու մասին»,- ասվում էր այդ փաստաթղթում, որը ստորագրել էր ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։
Սա Հայաստանի տարածքում կարող է լինել Ռուսաստանի երկրորդ հյուպատոսությունը՝ Գյումրու հյուպատոսությունից հետո։