Լեհաստանի նախկին նախագահ, Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Լեխ Վալենսան հայտարարել է, որ պետք չէ լուրջ վերաբերվել Պուտին-Բայդեն հանդիպումից առաջ Ջո Բայդենի հետ հանդիպում կազմակերպելու՝ պաշտոնական Վարշավայի ձգտումներին:
Ավելի վաղ Rzeczpospolita պարբերականը հայտնել էր, թե Վարշավայում անհանգստացած են Ռուսաստանին վերաբերող ԱՄՆ վերջին գործողություններով:
Մասնավորապես խոսքը վերաբերում է նրան, որ Վաշինգտոնը հրաժարվել է «Հյուսիսային հոսք-2» գազամուղի շինարարությանը մասնակից երկրների նկատմամբ պատժամիջոցների կիրառման քաղաքականությունը սաստկացնելուց:
Պարբերականի տվյալներով՝ Լեհաստանի ղեկավարությունը ձգտում է հունիսի 16-ին նախատեսված ԱՄՆ-ՌԴ նախագահների գագաթնաժողովից առաջ ամեն գնով հանդիպելու ԱՄՆ նախագահի հետ եւ փորձելու տարհամոզել վերջինիս:
Բայդենը իրատես է
«Լուրջ քաղաքական գործիչները քաղաքական գործերին լուրջ են վերաբերվում, իսկ մեր քաղաքական գործիչներին ես լուրջ չեմ վերաբերվում»,- ասել է Վալենսան՝ նկատի ունենալով Լեհաստանի ներկայիս ղեկավարությանը:
Խոսելով «Հյուսիսային հոսք-2»-ի դեմ պատժամիջոցներից հրաժարվելու Բայդենի որոշման նկատմամբ պաշտոնական Վարշավայի դժգոհության մասին՝ Լեհաստանի նախկին նախագահը համոզմունք է հայտնել, որ Բայդենը նման քայլ է արել, քանի որ իրատես է:
«Գազամուղի շինարարությունը բավական հեռուն է գնացել, ու նախագիծը շատ թանկ է նստել շահագրգիռ կողմերի վրա: Իհարկե, արժե ինչ-ինչ բաների այլ հայացքով նայել, փորձել պաշտպանվել: Գուցե ինչ-որ քայլեր պետք է ձեռնարկել: Սակայն նման խոշոր ներդրման պարագայում գազամուղի շինարարության ընդհատմանն ուղղված քայլերը միանգամայն իմաստազուրկ են»,- նշել է Լեխ Վալենսան ռուսական ՌԻԱ Նովոստի գործակալությանը տված հարցազրույցում:
«Հյուսիսային հոսք-2»-ի ընդդիմախոսները
Բալթիկ ծովի հատակով ձգվող «Հյուսիսային հոսք-2» անվամբ 1200-կիլոմետրանոց գազամուղի շահագործմանը մշտապես դեմ են արտահայտվել ԱՄՆ-ն, Եվրամիության մի շարք երկրներ, դրանց թվում Լեհաստանը եւ Ուկրաինան:
«Գազպրոմ»-ը նախատեսում է Ուկրաինան շրջանցող այս գազատարով Գերմանիա հասցնել եվրոպական երկրներին մատակարարվող ռուսական գազի շուրջ 25 տոկոսը։
Արեւմուտքը, այդ թվում Լեհաստանը մտավախություն ունեն, որ Մոսկվան գազատարը վաղ թե ուշ օգտագործելու է Եվրամիության եւ Ուկրաինայի վրա ճնշումներ բանեցնելու եւ իր ցանկալի քաղաքական նպատակներին հասնելու համար։
Բայդենի վարչակազմը գազատարի օպերատորի հանդեպ Դոնալդ Թրամփի սահմանած պատժամիջոցները հիմնականում չշարունակեց՝ որոշումը բացատրելով այն հանգամանքով, որ չի ցանկանում գժտվել Գերմանիայի ու մյուս դաշնակիցների հետ, որոնք կողմ են գործնականում արդեն ավարտին հասցված գազատարի շահագործմանը։