Սիրիայի Իդլիբ նահանգում վերահսկողությունը պահպանող իսլամական ռազմականացված կազմավորումները, որոնք որոշ երկրներում համարվում են ահաբեկչական եւ աջակցություն են ստանում Թուրքիայից, լայնածավալ հարձակման են անցել Հալեպ նահանգի արեւմուտքում տեղակայված սիրիական բանակի դիրքերի ուղղությամբ։
Հաղորդվում է, որ բախումների ընթացքում խմբավորումներին հաջողվել է վերահսկողության տակ վերցնել մի քանի բնակավայր, ինչպես նաեւ կառավարական բանակի ռազմավարական կարեւոր հենակետերից մեկը։ The New Arab-ի փոխանցմամբ՝ հարձակման նպատակը տեղահանված սիրիացի բնակչության «արժանապատիվ եւ անվտանգ» վերադաձի ապահովման համար վերահսկողության գոտու ընդարձակումն է։
Հարձակումն իրականացնող «Ջեյշ ալ-Իզա» խմբավորման խոսնակ Մուստաֆա Բաքքուրը Al-Araby Al-Jadeed-ին ասել է, որ գործողություններն անցկացվել են ի պատասխան վերջին մի քանի շաբաթվա ընթացքում սիրիական բանակի եւ դաշնակից աշխարհազորային ուժերի կուտակումների եւ հյուսիսարեւմտյան շրջաններում իրականացրած հարձակումների:
Այս հարձակումներին ի պատասխան սիրիական եւ ռուսական բանակները սկսել են ավիացիոն հարվածներ հասցնել խմբավորումների դիրքերին։
Վերջին տվյալներով՝ հարձակվողները մոտենում են Ադնան քաղաքին, որը սիրիական բանակի պաշտպանական գծերի համար կարեւոր հանգույց է համարվում։ Այն գրավելուց հետո խմբավորումները կկարողանան գրավել Հրայտան եւ Քաֆր Համախ բնակավայրերը։ Դա նրանց թույլ կտա առաջ շարժվել դեպի Հալեպի հյուսիս-արեւմուտք։
Հաղորդվում է նաեւ, որ մարտական պատրաստության են բերվել Իդլիբի հարակից Թել Ռիֆաթ եւ Մանբիջ քաղաքների մերձակայքում տեղակայված թուրքական հրետանային զորքերը։ Մեծ է հավանականությունը, որ թուրքական բանակն էլ հարձակում սկսի Սիրիայի դեմոկրատական ընդդիմության քրդական ուժերի դիրքերի ուղղությամբ։
Տեղի ունեցողը կարող է դառնալ Սիրիայում քաղաքացիական պատերազմի վերջին տարիների ամենալուրջ սրացումներից մեկը։