Ադրբեջանի արտգործնախարարություն է հրավիրվել Բաքվում Լեհաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Միխալ Գրեցիլոն։
Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ դիվանագետին բողոքի նոտա է հղվել նախօրեին Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի՝ Երասխ կատարած այցի եւ Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության հետ պարեկություն անելու առնչությամբ։
Ուշագրավ է, որ պաշտոնական հաղորդագրության մեջ Ադրբեջանի արտգործնախարարությունը, Երասխ գյուղը կոչելով Քյարքի, այն որակել է «հայկական օկուպացիայի տակ գտնվող»։
«Հանդիպման ընթացքում բողոք է արտահայտվել, որ չնայած ադրբեջանական կողմի նախազգուշացումներին՝ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան, այցելելով հայ-ադրբեջանական սահմանամերձ շրջան՝ Քյարքի գյուղին հարող տարածք, որը դեռեւս Հայաստանի օկուպացիայի տակ է, Հայաստանում ԵՄ առաքելության հետ մասնակցել է մեր երկրի դեմ իրականացվող քարոզչությանը»,- ասվում է ադրբեջանական կողմի հաղորդագրության մեջ։
Դրանում նաեւ նշվում է, որ ԵՄ առաքելությունն իբր օգտագործվել է որպես հակաադրբեջանական գործիք եւ խաթարում է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ վստահության հաստատման հայտարարված նպատակները։
Ավելին՝ Բաքուն, Դուդայի այցը որակելով «սադրանք», հայտարարում է, որ այն հակասում է ադրբեջանա-լեհական հարաբերություններին։
Նշենք նաեւ, որ նախօրեին էլ Ադրբեջանի արտգործնախարարությունը տարածած հայտարարության մեջ Դուդայի այցը որակել էր «հեռադիտակային շոու» եւ սպառնացել դիրվանագիտական քայլեր ձեռնարկելու։
2023 թվականի փետրվարից Հայաստան-Ադրբեջան միջպետական սահմաններում պարեկության եւ կայունության ապահովման նպատակով տեղակայված դիտորդների ներկայության դեմ Բաքուն հաճախ է բողոքարկում՝ նրանց մեղադրելով ոչ միայն իր, այլ նաեւ Իրանի եւ Ռուսաստանի դեմ «հեռադիտակային լրտեսության» համար։