Սիրիայի Հալեպ եւ Իդլեբ նահանգներում Արաբական Հանրապետության զինված ուժերը շարունակում են հետ մղել «ահաբեկչական կազմավորումների» զանգվածային հարձակումները՝ ռազմական տեխնիկայի եւ կենդանի ուժի լուրջ կորուստ պատճառելով։ Այս մասին ասվում է Սիրիայի բանակի հայտարարության մեջ, որը մեջբերում է պետական SANA գործակալությունը։
«Այսպես կոչված «Ջաբհաթ ան-Նուսրայի» հետ կապված ահաբեկչական խմբավորումները, որոնք տեղակայված են Հալեպ եւ Իդլիբ նահանգներում, չորեքշաբթի՝ նոյեմբերի 27-ի առավոտյան, ընդարձակ ճակատով լայնամասշտաբ հարձակում են սկսել՝ օգտագործելով միջին եւ ծանր զինատեսակներ, որոնք ուղղված են խաղաղ համայնքների եւ բնակավայրերի, ինչպես նաեւ այդ տարածքներում տեղակայված մեր ռազմական օբյեկտների դեմ»,- ասվում է սիրիական բանակի հաղորդագրության տեքստում։
Հաղորդագրության համաձայն՝ բանակը շարունակում է դիմակայել հարձակմանը՝ կիրառելով տարբեր կրակային միջոցներ եւ համագործակցելով բարեկամ ուժերի հետ։
Հիշեցնենք՝ նախօրեին արաբական մամուլը գրեց, որ Սիրիայի Իդլիբ նահանգում վերահսկողությունը պահպանող իսլամական ռազմականացված կազմավորումները, որոնք որոշ երկրներում համարվում են ահաբեկչական եւ աջակցություն են ստանում Թուրքիայից, լայնածավալ հարձակման են անցել Հալեպ նահանգի արեւմուտքում տեղակայված սիրիական բանակի դիրքերի ուղղությամբ։
Հաղորդվում է, որ բախումների ընթացքում խմբավորումներին հաջողվել է վերահսկողության տակ վերցնել մի քանի բնակավայր, ինչպես նաեւ կառավարական բանակի ռազմավարական կարեւոր հենակետերից մեկը։ The New Arab-ի փոխանցմամբ՝ հարձակման նպատակը տեղահանված սիրիացի բնակչության «արժանապատիվ եւ անվտանգ» վերադաձի ապահովման համար վերահսկողության գոտու ընդարձակումն է։
Այս հարձակումներին ի պատասխան՝ սիրիական եւ ռուսական բանակները սկսել են ավիացիոն հարվածներ հասցնել խմբավորումների դիրքերին։